COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պայմաններում փողոցում պաշտպանական դիմակներ կրելն անիմաստ է, կարծում են Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բաց օդում դիմակի կրումը աննպատակահարմար է: Փողոցում գտնվելիս օգտակար է թարմ օդ շնչելը և դիմակ կրել չարժե»,- պնդում են գերատեսչության մասնագետները:

Փրկարարների խոսքով՝ դիմակն անհրաժեշտ է մարդկանց կուտակման վայրերում, հիվանդներին խնամելիս և այն մարդկանց հետ շփվելիս, ում մոտ հիվանդության նշաններ կան:

ԱԻՆ մասնագետները նաև նշել են, որ իրականում բժշկական դիմակները արտաքին կամ ներքին կողմ չունեն, ուստի կարևոր չէ՝ որ կողմից այն կրել. գլխավորն այն է, որ այն շնչուղիները կիպ փակի:

«Կրկնակի չվարակվելու» համար փրկարարները խորհուրդ են տալիս դիմակները հաճախակի փոխել, իսկ հանելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ:

Իսկ ահա «Ռոսպոտրեբնադզորը» հակառակ հանձնարարականն է տալիս. գերատեսչությունը թողարկել է «Հինգ քայլ սահմանափակող միջոցառումների ավարտին մոտենալու համար» անվանումով հուշաթերթիկ, որի կետերից մեկում նշված է տանից դուրս գալուց հետո «պարտադիր դիմակ օգտագործելու» անհրաժեշտությունը:

med.news.am