Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանն ու նրա ենթակաները կալանավորվել են տների, բնակարանների ու ավտոմեքենաների գողություններ կազմակերպելու համար: Պարզվում է՝ վերջիններս ոստիկանության նոր ղեկավարության օրոք «բացահայտման» թվերը բարձրացնելու համար կազմակերպել են իրականում գոյություն չունեցող գողություններ, ինչի հետևանքով հնարավոր է եղել բարձրացնել նաև սեփական վարկանիշը իրենց ղեկավարների մոտ: Այսինքն՝ երբ գողություն է կատարվում, բացահայտվում, այնուհետև գողացողն ու տուժողը ինչ-ինչ հանգամանքների բերումով հաշտվում են, գործը կարճվում է, ինչի արդյունքում բացահայտման ցուցանիշը բարձրանում է:
Ի դեպ, գործով անցնում են հենց այն ոստիկանները, որոնք անցած տարի մարդ էին ծեծել: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 2019թ. հունիսի 7-ին հայտարարել էր, որ հարբած ոստիկանները անհիմն բերման են ենթարկել իր մերձավորին, ծեծել են նրան ու քիթը կոտրել։
Մեր նախորդ հրապարակումից հետո ԼՈՒՐԵՐ.com դիմած քաղաքացին պատմեց, որ տարիներ առաջ ինքն էլ է տուժել ոստիկանների գործողություններից. «2008 թ. մայիսի 9-ին տունս թալանեցին, 3 օր բացակայել էի քաղաքից, այդ ժամանակահատվածում Դավիթաշենում շատերի տները թալանեցին։ Զանգահարեցի ոստիկանություն, 4 ոստիկան եկան, հարցրեցին ինչ են գողացել և ով գիտեր, որ ես բացակայել եմ քաղաքից, ասացի՝ միայն քրոջս տղաները։ Ոստիկանները մեզ համոզեցին չգրանցել գողության փաստը, հակառակ դեպքում քրոջս տղաներին կհարցաքննեն՝ շեշտելով, թե դուք գիտեք՝ մենք ինչպես ենք հարցաքննում։ Ես ստիպված համաձայնվեցի, միայն թե տղաներին չվնասեն։ Այդպես մարսեցին գողոնը և արդեն ինձ համար պարզ էր, որ ոստիկաններն են կազմակերպել գողությունը։ Տարիներ անց ուրիշ հարցով գնացի ոստիկանություն և իմացա որ այդ ոստիկանների խմբին հեռացրել են օրգաններից։ Պարզվում է՝ մինչև հիմա նույն ձեռագրով շարունակվում է բնակարանների թալանը ոստիկանների օգնությամբ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն գաղտնալսումների միջոցով կարողացել է իրականությունը ջրի երես հանել և զինված փաստերով ապրիլի 9-ին մտել է ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, այնուհետև հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում): ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի էր դարձավ նաև, որ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանն ու նրա ենթակաները տների, բնակարանների ու ավտոմեքենաների գողությունների մասով համագործակցել և գործարքներ են կատարել մի քանի անգամ դատապարտված «Թոփալ Հայկո» մականվամբ հայտնի անձի հետ, ով հայտնի է որպես գողություն կատարող անձանց խմբի պարագլուխ և հրահանգիչ: Վերջիններիս միջև ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում կատարվել են մի շարք գողություններ, որոնք ոստիկանապետի կողմից չեն բացահայտվել, իսկ գողոնը բաժանվել է կողմերի միջև:
Կարդացեք նաև՝ Դավիթաշենի ոստիկանապետն ու «Թոփալ Հայկո»-ն գործարքներ են կնքել. գողոնը կիսել են