Մի քանի ամիս է' բոլորիս կյանքում այս կամ այն կերպ առկա է կորոնավիրուսը: Մարդիկ հիվանդանում են, բուժվում, շարունակում ապրել: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց վիրուսն հաղթահարած մի կնոջ հետ: Վերջինս ներկայացրեց հիվանդության իր պատմությունը, ապրումներն ու անհանգստությունը, ինչպես նաև խորհուրդներ տվեց բոլորիս:
«Ես արտադրամասում եմ աշխատում և վարակվել եմ հենց այնտեղ: Մարտի 16-ին սովորականի պես գնացել էի աշխատանքի, բայց հենց այդ օրը պարզվեց, որ աշխատակիցներից երեք հոգու պատասխանը դրական է եղել: Եկան Առողջապահության նախարարության աշխատակիցները և ասացին, որ գնանք տուն և մեկուսանանք, մինչդեռ ակնկալում էինք, որ թեստավորում կանեն: Մայրիկս ռիսկային խմբում է՝ 67 տարեկան, ուստի որոշեցինք, որ նա տեղափոխվի մորաքրոջս տուն»,-պատմեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ ինքնազգացողությունը վատացել է հաջորդ օրն առավոտյան, սկսել է հազալ, ունեցել է ջերմություն, ընդհանուր թուլություն, գլխացավ: Զանգահարել է շտապօգնություն, աշխատակիցներն էլ նրան տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանադանոց: Այնտեղ նրան թեստավորել են և նույն օրը երեկոյան ստանում է դրական պատասխանը:
«Ես չէի հավատում, որ վարակվել եմ կորոնավիրուսով, քանի որ անգամ սովորական գրիպ 2-3 տարին մեկ անգամ եմ ունենում, այն էլ՝ մեկ-երկու օրով: Շատ զգույշ էի, դիմակով, ալկոգելը պայուսակումս էր, անվտանգության բոլոր միջոցները ձեռնարկել էի, բայց փաստորեն այդ ամենն ապարդյուն է, երբ միևնույն սենյակում վարակակիր մարդու հետ ես աշխատում»,-նշեց նա:
Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ հիվանդանոցում 14 օր անցկացնելուց հետո նորից թեստավում են և նորից դրական պատասխան է ստանում. «Ստիպված էի մնալ հիվանդանոցում, արդյունքում՝ մոտ մեկ ամիս այնտեղ էի: Այդ շրջանում սրտի ծակոցներ սկսվեցին: Դե անհանգիստ էր, քանի որ ասում էին, թե վիրուսը երկու շաբաթից անցնում է: Հիմա նաև ճնշման խնդիր ունեմ՝ նորից այդ օրերին ապրած անհանգստության պատճառով: Ուզում եմ նշել, որ վիրուսը տարբեր օրգանիզմներում տարբեր կերպ է լինում, ուստի, պետք չէ անհանգստանալ, քանի որ դա լրացուցիչ բարդություններ կարող է առաջացնել»:
Նա նաև առանձնակի շեշտեց, որ բժշկական անձնակազմը շատ հոգատար է եղել և հիվանդանոցում անցկացրած օրերին որևէ խնդիր չի ունեցել:
«Երբ հիվանդանոցում էի շատ էի անհանգստանում մարդկանց արձագանքից և դա անտեղի չէր: Մի քանի օր առաջ պոլիկլինիկա գնացի և երբ մի աղջիկ իմացավ, որ հիվանդ եմ եղել, մի քանի քայլ հետ գնաց: Չգիտեմ, գուցե միտումնավոր չարեց, բայց մի՞թե չհասկացավ, որ եթե եկել եմ այդտեղ, ուրեմն ապաքինվել եմ: Պետք է նաև ասեմ, որ հիվանդանոցում գտնվելու ընթացքում բազմաթիվ նամակներ էի ստանում անծանոթ մարդկանցից, ովքեր քաջալերում ու ջերմ խոսքեր էին ինձ ասում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա հիվանդանոցներում գտնվող մարդկանց, նա նշեց. «Բոլորին ուժ և համբերություն եմ ցանկանում: Թող շատ չսրտնեղեն, եթե դրական պատասախան մի քանի անգամ է գալիս, դրա պատճառով լրացուցիչ բարդություներ կառաջանանա: Գիտեմ՝ շատ դժվար է այդպես անել, բայց սա միակ տարբերակն է: Բոլորին առողջություն եմ մաղթում»: