Կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված կան իհարկե, կարծրատիպեր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի' որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մենք շատ արշավներ ենք արել, որ այդ կարծրատիպերը կոտրենք՝ կանանց նկատմամբ բռնության, նրանց դերի հետ կապված, երեխաների հետ կապված: Մենք մի քանի սկզբունք պետք է արմատավորենք մեր հասարակությունում՝ կինը հավասար իրավատեր մարդ է, կինն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը: Նրանք իրավունքի ինքնուրույն կրողներ են: Ըստ այդմ, բոլորը պետք է վերաբերվեն կնոջը, պետք է վերաբերվեն երեխային:
Մենք ստանում ենք բողոքներ նաեւ տղամարդկանց նկատմամբ ընտանիքում բռնության հետ կապված. Համամասնությունն, իհարկե, համեմատելի չէ, բայց ստանում ենք նման բողոքներ»,-ասաց Թաթոյանը:
Նա անդրադարձավ նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին՝ նշելով. «Մենք մեր երեխաներին փոքրուց պահել ենք մանկատներում, խնամքի հաստատություններում, մեկուսացրել ենք հասարակությունից, արժանացրել ենք խարանի, հետագայում այդ մարդիկ մեծացել են, չեն կարողանում ինտեգրվել հասարակության մեջ»: