Կուրթանցի Մեխակը երկհարկանի նոր տուն է ստացել, շուտով ընտանիքի հետ կտեղափոխվի այնտեղ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց 34-ամյա Մեխակ Առաքելյանը: Նա նշեց, որ փաստաթղթավորման գործընթացները գրեթե ավարտվել են, տունը գրանցել են իր անունով, մնում է կադաստրով հաստատվի: «Տունը մեր դոմիկից 300-400 մետր հեռավորության վրա ա, ամեն հարմարությունով, հողատարածք կա՝ կարտոշկա ու ցորեն ենք ցանելու, դե Կուրթանում դրանով ենք ապրում: Չգիտեմ՝ երբ կտեղափոխենք, Սիփան Փաշինյանն ասաց ինքը կգա, բացում կանեն, նոր կտեղափոխվենք: Ասում են, թե էս քանի օրը պիտի գա»,- նշեց նա: 

 

Հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, թե կոնկրետ ով է գնել տունը, Մեխակն ասաց, որ բացարձակապես չգիտի, բայց անպայման պիտի իմանա, որպեսզի իր մեծ շնորհակալությունը հայտնի: Թեև տանն խնդիրը լուծվեց, բայց Մեխակի առողջական խնդիրները շարունակում են իրենցն անել. ողնաշարի ցավերը չեն անցնում: Հիշեցնենք, որ Լոռու մարզի Կուրթան գյուղում «Հպարտ քաղաքացու» անձնագրի բաժանման ընթացքում աղետի գոտու բնակիչը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով օժանդակել իրեն տնակից դուրս գալու և բնակարան ձեռք բերելու հարցում։ Փաշինյանի պատասխանը կոշտ ու կոպիտ էր եղել. «առողջ տղա ես, չես ամաչում, եկել տուն ես ուզում, ոտք ու ձեռք ունես, գնա ինքդ աշխատի, ստեղծի»։ Վարչապետի արձագանքը քննարկման առիթ էր դարձել համացանցում։ Ավելի ուշ, հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր միջադեպին և իր սխալ արարքի համար ներողություն խնդրել  Մեխակից՝ նշելով, որ ճիշտ չի հասկացել նրան: 

Մեզ հետ զրույցում կուրթանցի Մեխակն ասել էր, որ այն օրը, երբ հույսով մոտեցել էր վարչապետին՝ նրա արձագանքից անակնկալի էր եկել, չէր սպասում հանդիմանանքի, դրա համար էլ պապանձջվել էր ու չէր կարողացել լիարժեք ներկայացնել իրավիճակը։ Նա մեզ պատմել էր նաև, որ իրենք երկրաշարժի հետևանքով տուժել են ու տեղափոխվել Կուրթան, բայց պետությունն իրենց չի փոխհատուցել և որևէ ձևով չի աջակցել։ Խոնավ ու հարմարություններից զուրկ 2 սենյականոց տնակում ապրում են 10 հոգով․ ծնողները, կինն ու երեխան, եղբոր ընտանիքը։ 

Սոնա Հարությունյան