Ոստիկաններից, առանց իրենց կամքի, 5000-ական դրամներ են պահվում և ուղղվում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և հաղթահարելու համար գանձապետարանում բացված հաշվեհամարին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ թեև Նիկոլ Փաշինյանը հրահանգել է միայն բարձր պաշտոններ զբաղեցնող անձանցից գումարներ հավաքել, սակայն գումարները պահվում են նաև միջին օղակներում աշխատողներից: Նշենք, որ այս օրերին ոստիկաններն աշխատում են բավականին ծանրաբեռնված ու արտակարգ ռեժիմով և փաստորեն մասնագիտական օգնությունից զատ նաև ֆինանսական աջակցություն են ցուցաբերում: Պարզաբանում ստանալու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: Վերջինս նշեց, որ ոստիկանությունից կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետարանին փոխանցվել է 33 միլիոն 200 հազար դրամ: Ըստ նրա՝ այն գոյացել է սպայական կազմի կողմից կամավորականության սկզբունքով տրամադրված գումարներից. «Շարքային կազմից, նույնիսկ իրենց մեծ ցանկության դեպքում, այս հավաքին չէին կարող մասնակցել, որովհետև ղեկավարության կողմից ասված էր, որ նրանք չեն մասնակցում: Իսկ սպայական կազմի տված գումարի չափը իրենք են որոշել. մարդ կա 3000, 5000, մարդ կա՝ 10 000 դրամ է տվել»,- ասաց նա:

Սոնա Հարությունյան