Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ուղիղ եթերի ընթացքում անդրադարձ էր կատարել իրենից հիասթափվածներին՝ նշելով այդ ցանկում արևմտամետներին, ռուսամետներին, օլիգարխներին և հոգևորականներին: Սակայն, վարչապետի ցանկը ակնհայտորեն թերի է: Եթե միայն իր նշած խմբերը լինեին հիասթափված, ապա իշխանության այսօրվա վարկանիշը կլիներ 80 տոկոսից ավելի: Բայց այդքան չէ, որովհետև իր նշած հիասթափվածներն այնքան էլ հիասթափված չեն: Եվ Փաշինյանի ցանկում չներառված խմբերը հիասթափված են, որ նա չի կարողացել տեղը տեղին հիասթափեցնել, օրինակ, նախկին իշխանություններին: Հիասթափված են, որ մերժված Սերժ Սարգսյանը դեռ ազատության մեջ է: Ցանկում չներառված խմբերը հիասթափված են, որ հեղափոխությունից երկու տարի անց չի վերականգնվել իշխանության ամենակարևոր ճյուղերից մեկի՝ արդարադատության բնականոն և օրենքի պահանջին համապատասխան աշխատանքը: Հիասթափված են կառավարության վարած քաղաքականությունից, երբ ժողովրդին կերակրելու, թալանը հետ բերելու անվան տակ իշխանության եկած անձինք այսօր ստանում են միլիոնների հասնող պարգևավճարներ, իսկ հեղափոխություն արածները՝ շարքային հպարտ քաղաքացիներն այսօր կանգնած են առանց գազի և լույսի մնալու սպառնալիքի առջև՝ զրկված լինելով նաև տարրական աջակցությունից: Այս մարդիկ հիասթափված են և չեն էլ թաքցնում այդ հիասթափությունը: Դիցուք, Ֆեյսբուք սոցիալական ցանցում կարելի է շատ հստակ տեսնել հեղափոխությունից առաջ և հետո եղած բաժանումը, որը ամբողջությամբ հիասթափության մի մեծ մոդելավորում է: Դիցուք՝
եվս մեկ օրինակ՝
Կրկին նույն պատկերը՝
Եվ ևս մեկ օրինակ՝
Այս հիասթափության մոդելավորումը տարածվում է ոչ միայն շարքային քաղաքացիների վրա, այն տարածվում է նաև Փաշինյանի թիմակիցների վրա, ովքեր հեղափոխությունից հետո հանձնեցին իրենց կուսակցական անդամատոմսը և հեռացան ՔՊ-ից: Ջերմուկի բնակիչ Տիգրան Մանուկյանը համաձայն չէր իշխանության՝ Ամուլսարի շուրջ որդեգրած քաղաքականությանը: Գեղարքունիքի մարզից Արա Դորվանյանը հայտարարել էր, որ նույնպես դուրս է գալիս կուսակցությունից: Վերջինս իր ֆբ էջում հայտնել էր Քաղաքացիական պայմանագիրը լքելու մասին՝ շատ կոնկրետ պատճառ վկայակոչելով: Այն է՝ «Քանի որ լինելով քրիստոնյա ու ավանդապաշտ անձ, չեմ կիսում լեսբուհի Լարա Ահարոնյանի ներկայությունը կուսակցության շարքերում»: Ըստ նրա՝ «Նիկոլից սկսած՝ Արա Հարությունյանով վերջացրած՝ ջատագովում են Լարա Ահարոնյանի գաղափարները՝ վտանգելով հայկական արժեհամակարգը»:
Ինչպես տեսնում ենք՝ վարչապետն անկեղծ չէ, իրենից հիասթափվածների ցանկն անհամեմատ ավելի երկար է և խոսուն: Հեղափոխությունից այսօր հրաժարվում են դրա իրական իրագործողները՝ շարքային քաղաքացիները, ովքեր սկսում են հասկանալ, որ տնտեսական թռիչքաձև աճը, հետ բերված թալանը, միլիոնավոր ներդրումներն իրենց կյանքի որակի վրա այդպես էլ չեն անդրադարձել…