Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառման նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը:

«Ըստ այդմ, կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճար կտրամադրվի:

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը եւ այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գրիգորյանը։

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման եւ տնկման, ինչպես նաեւ ցանկապատման աշխատանքներ։

Միջոցառման շահառու են ՀՀ այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ։

Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման եւ տնկման համար։

Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաեւ ցանկապատման աշխատանքներին: