Ընդամենը շաբաթներ առաջ Արցախի Հանրապետությունում կայացան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Արցախը ընտրեց իր՝ թվով չորրորդ նախագահին՝ Արայիկ Հարությունյանին: Վերջինս արդեն իսկ հայտարարել է, որ շնորհակալ է իր նախորդից՝ հսկայական ծավալի աշխատանք կատարելու համար: Բակո Սահակյանի ներդրումը Արցախի կայացման և զարգացման գործում, իհարկե, դժվար է չնկատել, սակայն փորձենք ավելի խորքային դիտարկել հարցը և հասկանալ՝ ինչ հետք են թողել Արցախի նախկին երեք նախագահները՝ իրենց նախագահության տարիներին, որոնք են եղել նրանց ձեռքբերումները և ինչու ոչ՝ նաև բացթողումները:

Եվ այսպես՝ ԼՂՀ ԳԽ-ն 1994 թվականին ԼՂՀ առաջին նախագահ է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, իսկ 1996 թվականի նոյեմբերին նա վերընտրվել է համընդհանուր ընտրություններով։ Որո՞նք էին այդ տարիներին Քոչարյանի գլխավոր ձեռքբերումները: 1995 թվականը պաշտոնապես բնութագրվում է որպես տնտեսական բարեփոխումների մեկնարկի շրջան: Առաջին քայլը, որ կատարվեց Քոչարյանի կառավարման շրջանում, գների ազատականացումն էր, ինչի հետեւանքով շուկայում ապրանքների առատություն զգացվեց, սակայն դեռեւս բավականին ցածր էր բնակչության գնողունակությունը, տնտեսությունում զբաղվածների միջին ամսական աշխատավարձը 1995 թ. կազմում էր 4126 դրամ: Այս ժամանակաշրջանում սկսվեց դրամի արժեզրկման գործընթացը: Չնայած դրան' հայտնվեցին նաեւ առաջին անհատ ձեռնարկատերերը: Սկսվեց քաղաքական ու տնտեսական կարգի բարեփոխման համար օրենսդրական բազայի ստեղծումը: Հրադադարից մինչեւ 2000թ. ընկած ժամանակաշրջանում առաջին քայլերը կատարվեցին պատերազմի ընթացքում ավերված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, շինարարության ոլորտի աճը կազմեց 15 տոկոս: 1995-1999 թվականներին արդյունաբերական ձեռնարկությունների թիվը 23-ից հասավ 105-ի: Ինչ վերաբերվում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, ապա հենց Քոչարյանի օրոք սկսեցին ձևավորվել Արցախի խորհրդարանի և այլ երկրների խորհրդարանների միջև առաջին բարեկամական խմբերը: Ինչ վերաբերվում է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, այս հարցին Քոչարյանը անդրադարձել է նաև իր «Կյանք և ազատություն» գրքում, մասնավորապես նշելով՝ «Իմ՝ Ղարաբաղում ղեկավար լինելու ժամանակ մենք յոթ շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի։ Եվ այսօր այդ տարածքները ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում»,- այնուհետև Քոչարյանը հավելել է. «Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ»։

Իսկ այժմ՝ բացթողումների մասին: Չնայած պետականորեն կիրառվող քաղաքակիրթ մեթոդներին' խաղաղության առաջին տարիները բնակչության շերտավորման սկիզբը դրեցին: Պետական հիմնարկներում աշխատողների ցածր եկամուտը, արդյունաբերական ձեռնարկությունների հարկադիր պարապուրդը կամ արտադրության կրճատումը, գյուղատնտեսությունում' իրականում չվերահսկվող վիճակը, սուբյետիվ մի շարք գործոններ նախկին պետական հարստության ոչ հավասարաչափ բախշման հանգեցրին:

1997-2000 թվականներին և 2000-2005 թվականներին ԼՂՀ նախագահ է եղել Արկադի Ղուկասյանը, 2000թ-ի մարտի 22-ին Ղուկասյանի վրա կատարվում է մահափորձ, որը հետևանք էր նրա պայքարի՝ կոռուպցիայի և ամենաթողության դեմ։ 2002 թվականի օգոստոսի 11-ին կայացած նախագահական ընտրություններում նա վերընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Որպես ԼՂՀ նախագահ, Ղուկասյանը բազմիցս այցելել է Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Պրահա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել բարձր պետական մակարդակով: 2002թ-ի դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները Ղուկասյանի դեմ հետախուզություն են հայտարարում՝ որպես «գլխավոր սեպարատիստ»-ի: Արդյունաբերության ցուցանիշների աճ տեղի ունեցավ 2000-2006 թվականներին: Այդ շրջանը Լեռնային Ղարաբաղում նոր ձեռնարկությունների ստեղծման, նաեւ նոր արտադրաճյուղերի հիմնադրման ժամանակաշրջան էր: Արդեն 2006-ին համախառն ներքին արդյունքի կազմում արդյունաբերության ծավալը 18,4 տոկոս էր: Մեծանում էր շինարարության ծավալը: Պատերերազմի հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը հանգեցրին նրան, որ սկսեցին զարգանալ այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, կապը: Փոխվեց նաեւ ըստ սեփականության ձեւի ձեռնարկությունների դերն արդյունաբերության ծավալում: Եթե 2000 թվականին մասնավոր հատվածն արտադրում էր արդյունաբերական արտադրանքի 25 տոկոսը, ապա 2005 թվականին արդեն 80 տոկոսը: Պետությունը սկսեց ներդումներ կատարել տնտեսությունում' վարկավորելով փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը, 2003-2006 թվականներին ներդրումները կազմել են մոտ երկու միլիարդ դրամ: Դրմբոնի հանքը շահագործող «Բեյզ Մեթլս» ընկերությունը 2004 թվականից սկսեց ավելի մեծ դերակատարում ունենալ արդյունաբերության ծավալում, ապա եւ ՀՆԱ-ի կառուցվածքի վրա: Հանքարդյունաբերությունը վերջին տարիներին ինքնըստինքյան ամենաառաջատար ճյուղերից մեկն է: Եթե խոսելու լինենք Ղուկասյանի կառավարման շրջանի բացթողումներից, ապա պետք է նշենք, որ դրանք թերևս երկուսն էին՝ նրա կառավարման տարիներին արդյունաբերական արտադրանքի ծավալը համարյա չփոխվեց, իսկ այդ ճյուղում զբաղվածների թիվը 2773-ից նվազեց մինչեւ 2438 մարդ: Եվ, իհարկե, որոշակի ընդմիջումը բանակցային գործընթացում, Ղուկասյանի կառավարման տարիները համարվում են ամենապասիվը այս առումով:

2007 թվականից Արցախի Հանրապետության նախագահը Բակո Սահակյանն էր։ Բակո Սահակյանի կառավարման տարիները, իրավամբ, համարվում են Արցախի Հանրապետության կայացման և զարգացման տեսանկյունից ամենաբեղմնավոր տարիները՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Նախ՝ Սահակյանին հաջողվեց ոչ միայն չփոշիացնել նախորդների ձեռքբերումները, այլ նաև գեներացնել դրանք՝ հետագայում նոր հաջողություններ գրանցելով: Առաջին հերթին խոսքը վերաբերվում է Արցախի տնտեսական զարգացմանը: Եթե 2000 թվականին մասնավոր հատվածն արտադրում էր արդյունաբերական արտադրանքի 25 տոկոսը, ապա 2005 թվականին արդեն 80 տոկոսը: Պետությունը սկսեց ներդումներ կատարել տնտեսությունում' վարկավորելով փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը, 2003-2006 թվականներին ներդրումները կազմել են մոտ երկու միլիարդ դրամ: Կտրուկ աճեց Արցախին տրամադրվող միջազգային ֆինանսական օգնությունը, Նոր թափ առավ փոքր ՀԷԿ-ի կառուցումը և Արցախը առաջին անգամ սկսեց արտահանել էլ․էներգիան: Բնակչությանը պետական սեփականության բաժնետեր դառնալու հնարավորություն տվող առաջին քայլը կատարվեց: Ստեղծվեց «Արցախհէկ» ԲԲԸ, որի բաժնետերերի թիվն այսօր 4000 է: Արդեն 2008 թվականից Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խողովակներով դեպի գյուղացին ուղղվեցին պետական միջոցները: Առ այսօր վարուցանք կատարելու համար տաս միլիարդ ութ հարյուր յոթանասուն միլիոն դրամի գումար է ստացել գյուղացին: Դրանից չորս միլիարդ յոթանասուն միլիոնը փոխառնության տեսքով: Սկսվեց գյուղատնտեսական տեխնիկայի նորացման գործընթացը: Բակո Սահակյանի կառավարման շրջանում աննախադեպ աճ արձանագրեց բնակարանաշինության ոլորտը: Առաջին հերթին ուշադրություն էր դարձվում զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգմանն ու կառուցմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, վերաբնակիչների և փախստականների սոցիալական (բնակարանային) խնդիրների լուծմանը: Սահակյանի կառավարման տարիներին քառապատկվեցին կրթության և մշակույթի ոլորտին տրամադրվող գումարները: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Բակո Սահակյանի կառավարման տարիներին բաժին ընկավ Արցախի նորագույն պատմության ամենաբարդ փորձություններից մեկը՝ Ապրիլյան պատերազմը: Այս փորձությունը արցախի ժողովուրդը և իշխանությունները հաղթահարեցին թեև մեծ կորուստներով, սակայն՝ պատվով: Ապրիլյան պատերազմից հետո էլ ավելի լայն թափով շարունակվեցին բարեփոխումները Արցախի ՊԲ-ում՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, բանակը համալրվեց ժամանակակից զինտեխնիկայով: Արցախի միջազգային ճանաչման տեսանկյունից անչափ կարևոր էին՝ արտասահմանցի պատվիրակությունների և պաշտոնյաների պարբերական այցերը Արցախ, ընդ որում՝ վերջիններիս չէր կանգնեցնում անգամ Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու հեռանկարը: Բակո Սահակյանը նույնպես բազմաթիվ պաշտոնական այցեր է կատարել՝ ՌԴ, Ֆրանսիա, Լիբանան, ԱՄՆ: Ինչ վերաբերվում է Արցախի հարցի կարգավորմանը, ապա պետք է նշել, որ Սահակյանի ղեկավարման տարիներին էլ ավելի հստակ դարձավ Արցախի իշխանությունների տեսլականը՝ վերադարձ նախկին կարգավիճակին չի կարող լինել, իսկ «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքը անընդունելի է: Այս դիրքորոշումը Բակո Սահակյանը վերահաստատեց նաև բառացիորեն երեկ՝ ելույթ ունենալով Արցախի խորհրդարանի լիագումար նիստում և մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտնի հայտարարությունը, նշելով, որ Արցախի ակվտանգությունը սակարկման առարկա չէ:

Եթե խոսելու լինենք Բակո Սահակյանի կառավարման շրջանի բացթողումներից, ապա կարող ենք առանձնացնել թերևս այն, որ սեփական եկամուտների ծավալի ավելացումը եւ արտաքին վարկի չափի հարաբերական կրճատումը վերջին հինգ տարիների ընթացքում զգալիորեն դանդաղել էր, արդյունքում բավական դժվար է դարձել անկախ սոցիալական քաղաքականություն վարել, հատկապես գնաճի դեպքում: Սակայն այս պատկերը միայն Արցախում չէ, նման խնդրի բախվել է նաև Հայաստանը և մեր հարևանները, իսկ հաշվի առնելով Արցախի սահմանափակ տնտեսական հնարավորությունները՝ պետք է փաստել, որ իշխանությունները արել են ամեն հնարավորը՝ առաջացած տնտեսական խնդիրը «քիչ արյունով» լուծելու համար:

Արցախի երեք նախագահների ձեռքբերումները և բացթողումները լայն քննարկման թեման են և դրանց ներկայացումը չի կարող սահմանափակվել մեկ նյութով: Այստեղ ներկայացված են այն քայլերը, որոնք կատարվել են նախկին երեք ղեկավարների կողմից և առավել մեծ ազդեցություն և նշանակություն են ունեցել Արցախի կայացման, տնտեսական զարգացման և միջազգային ճանաչման առումով…