Որակյալ կրթության անհասանելիությունը չպետք է դառնա համակարգչի բացակայության խնդիրը. եթե անգամ բոլորին համակարգիչ ու պլանշետ տանք, դրանով չենք լուծելու որակյալ կրթության հարցը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին արտակարգ դրության պայմաններում կրթական գործընթացի կազմակերպմանը նվիրված քննարկման ժամանակ նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:
«Մենք ունեինք ուսուցիչներ, որոնք տանը չունեին համակարգիչ, չունեին էլեկտրոնային մատյան, չէին կարող անցկացնել թվանշանը: 20 տարի պետությունը վերապատրաստումների դասընթացների ծրագիր է ունեցել համակարգային գիտելիքն ուսուցիչներին տալու: Դասընթացը նշանակում է, որ ծախսվել են փողեր:
Մենք մինչեւ հիմա չունենք ամբողջական գնահատական, որից ելնելով կարողանանք հասկանալ՝ մեզ հիմա պետք է չափորոշիչները փոխե՞լ, կառավարման համակա՞րգը փոխել, վերապատրաստել ուսուցիչներին՞ն, թե մեզ պետք է հասկանալ, թե ոնց ենք կազմակերպում որակյալ կրթության հասանելիությունը բոլորին: Մենք նորից հատվածային լուծումներով ենք ուզում այս վիճակից դուրս գանք: Ես շատ վախենում եմ, որ հզոր միջազգային ֆինանսական կառույցները մեզ կառաջարկեն լավ տոկոսներով վարկեր ու մենք կորոշենք մեր 300 հազար աշակերտի համար պետք է համակարգիչ առնենք:
Ես կարծում եմ, որ մենք պետք է ամբողջովին գնահատական տանք մեր ունեցած խնդիրներին, մենք պետք է հասկանանք, որ չենք կարող լուծել որակյալ կրթության հարցը, եթե չունենք յուրաքանչյուր աշակերտի գնահատած կարիքը՝ իր անձնագրով հանդերձ, հետո դպրոցի, հետո ուսուցչի»,-ասաց նա: