Արցախի հանրապետության նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Զրույց քաղաքացու հետ» ձևաչափով հանդես եկավ ֆեյբուքյան ուղիղ եթերով։

Հարությանյանը նախ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց։

Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ Հարությունյանն ասաց, որ տնտեսական ճգնաժամի պրոցեսը խորանում է, վարակը ետ չի քաշվում, ընդհակառակը՝ տարածվում է տարբեր երկրներում, և աշխատավոր մարդու շնորհիվ է հնարավոր լինելու դիմակայել այս իրավիճակին։

«Արցախն այս առումով ավելի ապահովված է՝ և՛ պարենային առումով, և՛ ընդհանուր առմամբ։ Եվ ուզում եմ նորից կարևորել մեր երկրում պարենային և էներգետիկ անվտանգությունը։ Պարենային առումով՝ ոչ միայն այս կորոնավիրուսի, այլ՝ ցանկացած ֆորսմաժորի հետևանքով, ցանկացած իրավիճակում զարգացման, գոյաևելու գլխավոր պայմանը պարենն է, ուտելիքն է»,- շարունակեց նա։

Էներգետիկ անվտանգության մասով ԱՀ նախագահն ասաց, որ Հայաստանի և Արցախի գլխավոր էներգետիկ ռեսուրսները ներկրվում են, այսպիսի վիճակը պարբերաբար վտանգված է՝ սկսած աշխարհաքաղաքական և նաև ֆինանսական (եթե վճարման խնդիր լինի) առումներով, ուստի, էներգետիկ անվտանգությունը մեր գլխավոր խնդիրներից է։

«Նորից ուզում եմ կրկնել․ այն մարդիկ, որոնք դեմ են այդ ծրագրին, մեր երկրի թշնամիներն են։ Ուզում եմ նորից բարձրաձայնել․ էներգետիկ անկախությունը, անվտանգությունն այլընտրանք չունեն, չփորձե՛ք, չփորձե՛ք։ Եվ մենք շարունակելու ենք անկախության ծրագիրը»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։

Վերջինիս խոսքերով՝ այս առումով շարունակվելու է էներգետիկ անկախության ծրագիրը․ արևային էներգիայի զարգացման քաղաքականություն է իրականացվելու, գազաֆիկացում, հոսանքի գնի իջեցում։

Հաջորդ կարևոր բանն ըստ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի՝ համերաշխությունն է։ Նա նաև կոչ արեց քաղաքացիներին կորոնավիրուսի պայմաններում պահպանել անվտանգության կանոնները։

Խոսելով կադրային նշանակումների մասին՝ ԱՀ նախագահն ասաց, որ դեռևս որևէ որոշում չի կայացրել, իսկ որոշում կկայացնի մայիսի 21-ից հետո՝ ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում