Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հասցեին արված արտահայտությունները քննադության արժանացան որոշ շրջանակների կողմից. վերջիններս նախարարի գրառումը որակեցին որպես ոչ պրոֆեսիոնալ ու անթույլատրելի: Իսկ ինքը՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ այդ քայլով Արսեն Թորոսյանն իր մարդկային և պրոֆեսիոնալ ցածր մակարդակն է ցույց տվել. «Իմ խոսքն ուղղում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու «Իմ քայլ»-ին, որոնք նրան նշանակել են պաշտոնի: Եթե իրանք ուզում են, որ իրենց հայելին լինի Արսեն Թորոսյանը, ուրեմն թող շարունակի գործել: Ես խնդիր չունեմ իր հետ, ինքը հասարակության հետ խնդիր ունի, որովհետև այդ մակարդակի մարդը իրավունք չունի բժիշկ աշխատելու, առավել ևս՝ ղեկավար պաշտոն զբաղեցնելու: Հետևաբար հասարակությունը, վարչապետն ու «Իմ քայլը» պետք է եզրակացություններ անեն: Անձամբ իր հետ խնդիր չունեմ, ես իր վարած քաղաքականության հետ խնդիր ունեմ: Ինքն ինձ որպես անձ հետաքրքիր չէ, ինքը միջազգային ֆարմացեպտիկ տրիլիոնատեր ընկերությունների քաղաքականությունն է իրականացնում Հայաստանում, բայց Հայաստանի հետ կապ չունեցող մարդ է»,- նշեց նա՝ նկատի ունենալով Թորոսյանի կապը միջազգային հարուստ դեղագործական ընկերությունների հետ: Հետաքրքրվեցինք՝ վիրավորակա՞ն էին իր համար Թորոսյանի կողմից հնչեցված արտահայտությունները, ի պատասխան՝ Վարդանյանն ասաց. «Ես թքած ունեմ իր արտահայտությունների վրա: Եթե ինձ ասում է՝ քրոնիկ հիվանդ ես, հնարավոր է՝ կորոնավիրուսով վարակվես, ես իրեն բացեիբաց ձեր միջոցով առաջարկում եմ միասին գնանք «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց. քրոնիկ հիվանդություն ունենալով հանդերձ՝ պատրաստ եմ ողջագուրվել իր կարծիքով Covid 19-ով հիվանդների հետ՝ առանց ձեռնոցի ու դիմակի՝ ցույց տալու, որ ինքը լրիվ բլեֆի մեջ է և որ ես չեմ վախենում սովորական գրիպով հիվանդներից: Իբրև թե ռիսկային խմբում լինելով՝ պատրաստ եմ ցույց տալ, որ ոչ մի ռիսկային խումբ էլ չկա՝ բացի ծերերից ու ծանր հիվանդներից»,- նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Կարեն Վարդայանյանի հայտարարությանը, թե «կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է, եկել է վակցինա ծախելու ժամանակը», գրել էր. «ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նման և այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր: Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»:
Սոնա Հարությունյան