Գլխուղեղի հիվանդություն ունեցող 1.5-ամյա Եղիա Սարգիսի Չինանյանի փրկելու համար արդեն 5,5 միլիոն դրամ է հավաքվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը' Քրիստինե Արսենյանը: Նա նշեց, որ երեխան այս պահին գտնվում է տանը, սակայն բժիշկների անմիջական հսկողությամբ է, դեղերի ազդեցության ներքո նա փոքր-ինչ թույլ է զգում իրեն:
Եղիայի մայրը տեղեկացրեց, որ մինչեւ ապրիլի 15-ը երեխային կտանեն Եվրոպական որեւէ երկիր' վիրահատության: Տարբեր երկրների հիվանդանոցներին նամակներ են գրել, առայժմ ստացել են պատասխան Ֆրանսիայից: Դեռ վերջնական չեն որոշել, թե որ երկրում կանեն վիրահատությունը, դա կախված է նրանից, թե ինչ պատասխաններ կստանան նաեւ մյուս երկրներից:
Քրիստինե Արսենյանը նշեց, որ իրենք բազմաթիվ զանգեր են ստանում, թե Հայաստանից, թե արտերկրից շատերը պատրասատակամություն են հայտնում աջակցել ընտանիքին եւ գումար են փոխանցում: Եղիայի ծնողները շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեղան եւ օգնում են երեխայի կյանքը փրկել:
Հիշեցնենք, որ Եղիան գլխուղեղի հիվանդություն ունի'անոթները լայնացած, խճճված եւ խցանված են: Ցանկացած պահի փոքրիկը կարող է արյան զեղում ստանա եւ հնարավոր չլինի փրկել նրա կյանքը: Գլխուղեղում նաեւ կիստա կա: Եղիայի թե մայրը, թե հայրը գործազուրկ են, իսկ փոքրիկ քույրիկը 4 տարեկան է, ով արդեն գիտակցում է եղբոր հիվանդության մասին եւ իր աղոթքներով առողջություն խնդրում եղբոր համար: Փոքրիկի հիվանդությունը ի ծնե է: «Արդեն երկու անգամ է, ինչ շատ ուժեղ ցնցումների մեջ է ընկնում: Փոքրիկը կապտում է եւ մի կերպ հասցնում ենք հիվանդանոց: Սեպտեմբերի 30-ից հետո վերջին անգամ փետրվարի 13-ին կրկնվեցին ցնցումները: Կապտում է, աչքերը շեղվում են մի ուղղության ու սառում է: Հիվանդանոցում մի կերպ հնարավոր եղավ փրկել կյանքը»,- պատմել է մայրը: Երեխային վիրահատելու համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է 7 միլիոն դրամ:
1.5 -ամյա Եղիա Սարգիսի Չինանյանին փրկելու համար հնարավորության սահմաններում կարող եք գումար փոխանցել Քրիստինե Արսենյանին' «Հայէկոնոմբանկի» հետեւյալ հաշվեհամարներին'
AMD հաշվի համարը 163478004654
USD հաշվի համարը 163478004662
EUR հաշվի համարը 163478004670
RUR հաշվի համարը 163478004688
Հ.Գ.Փոքրիկի հիվանդության եւ բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը NEWS.am-ի խմբագրության տրամադրության տակ է: Անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել: