Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բացի պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցներից, հրապարակել է նաև փոխկապակցված անձանց, այսինքն` նրանց ամուսինների և զավակների դրամական միջոցները: Գաղտնիք չէ, որ նախկինում պաշտոնյաների մի ստվար զանգված իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները վերագրում էին կանանց, ծնողներին, այլ ազգականների և ձևակերպում նրանց անուններով: Այս հարցին անդրադարձել է անգամ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, տարակուսանք հայտնելով, որ շատ պաշտոնյաների կանայք իրենց ամուսիններից ավելի հարուստ են, «տանը նստած հաջողակ բիզնեսմեններ են» և ըննդիմադիր Փաշինյանը այստեղ կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում, պնդելով, որ այդ պաշտոնյաները, պարզապես, ապօրինի ստացած գումարները, գույքը գրանցում են իրենց կանանց և երեխաների անունով: Այդ ռիսկերը, սակայն, չի տեսնում վարչապետ Փաշինյանը, չնայած այն հանգամանքին, որ դրանք կան: Իր հեղափոխական թիմում էլ բազմաթիվ են տարբեր կալիբրի չինովնիկներ, որոնց կանայք իրենցից հարուստ են՝ չնայած այն հանգամանքին, որ չեն զբաղվել բիզնեսով, չեն զբաղեցրել և չեն զբաղեցնում պետական պաշտոններ: Իսկ զավեշտը կայանում է նրանում, որ այդ պաշտոնյաների կանայք իրենց ամուսինների կողմից պաշտոնները ստանձնելու պահի դրությամբ ոչինչ չունեին, կամ էլ՝ նրանց հայտարարագրած եկամուտները այնչափ փոքր էին, որ համազգային հանգանակություն կազմակերպելու և վերջիններիս օգնության ձեռք մեկնելու ցանկություն էր առաջանում: Եվ ստացվում է, որ նրանք «կտրուկ հարստացել» են հենց իրենց ամուսինների պաշտոնավարման ընթացքում:
Օրինակ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, նախորդ տարվա կտրվածքով հայտարարագրել է 6,500,000.00 չեխական կրոնով ձեռք բերված անհատական բնակելի տուն, 6,300,000.00 չեխական կրոն, 235,000.00 ԱՍՆ դոլար, 73,000.00 եվրո:
Նրա ամուսնու՝ Հայկ Մարությանի ֆինանսական ձեռքբերումները անհամեմատ ավելի համեստ են՝ ընդհանուր առմամբ 11,003,854.00 ՀՀ դրամ, որը, ըստ հայտարարագրի, գոյացել է հիմնականում աշխատավարձից:
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի կինը՝ Տատյանա Մալկովան, հայտարարագրել է 90.000 ԱՄՆ դոլարի եկամուտ:
Ինքը՝ Թումասյանը, հայտարարագրել է, ընդամենը, 835,682.00 ՀՀ դրամի եկամուտ՝ աշխատավարձից գոյացած:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կինը՝ Անի Բունիաթյանը, հայտարարագրել է 30,500.00 ԱՄՆ դոլար և 4,000.00 եվրո:
Ինչ վերաբերվում է Մաթևոսյանին, ապա նրա եկամուտները կազմել են՝ 6,539,068.00 ՀՀ դրամ, ամբողջը, ըստ հայտարարագրի, գոյացել է աշխատավարձից:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, հայտարարագրել է 7,800,000.00 դրամ արժողությամբ BMW 535 ավտոմեքենան, որը ձեռք է բերվել հարկային տարում, ինչպես նաև 30,000.00 ԱՄՆ դոլար և 1,950,000.00 ՀՀ դրամ:
ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը հայտարարագրել է 1,932,697.00 ՀՀ դրամի եկամուտ:
Իսկ ահա նրա կինը՝ Անահիտ Սարգսյանը, հայտարարագրել է 5,960,673.00 ՀՀ դրամի եկամուտ:
«Իմ Քայլը»-ի պատգամավոր Հայկ Կոնջորյանը նույնպես անչափ համեստ հայտարարագիր է ներկայացրել:
Պատգամավորի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի ֆինանսական դրությունը անհամեմատ ավելի բարվոք է՝ 8,220,000.00 ՀՀ դրամ, որից 2,500,000.00 ՀՀ դրամը նշված է իբրև փոխառություն: 2018-ին Ալեքսանյանը հայտարարագրել էր, ընդամենը, 1 միլիոն դրամի եկամուտ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հայտարարագրում նշված է 4,760,000.00 ՀՀ դրամ եկամուտը: Իսկ ահա նրա կինը՝ Լիա Ավանեսյանը, մոտ է օլիգարխիկ խավի մաս կազմելուն, վերջինիս եկամուտները կազմում են 130,000.00 ԱՄՆ դոլար:
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի հայտարարագիրը կարիերային թռիչքի լավագույն օրինակն է այն պարզ պատճառով, որ պաշտոնը ստանձնելիս՝ Կիրակոսյանը հայտարարագրել էր, ընդամենը, 21.26 ԱՄՆ դոլար և 84,602.00 ՀՀ դրամ: Սակայն, չնայած նրան, որ պաշտոնավարման ընթացքում Կիրակոսյանի գործերը «դզվել» են, այս հարցում էլ պաշտոնյայի կինը առավել հաջողակ է գտնվել, Քնարիկ Նազարյանը հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո և 430,000.00 ՀՀ դրամի ստացված փոխառություն: Վերջին անգամ Նազարյանը հայտարարագիր է ներկայացրել 2013 թվականին, այն ժամանակ նրա եկամուտները կազմում էին 4,602,912.00 ՀՀ դրամ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի հայտարարագրում որպես եկամուտ է նշված 3,600,548.00 ՀՀ դրամը: Նրա կնոջ՝ Նելլի Ասատրյանի՝ 30,000.00 ԱՄՆ դոլարի և 10,000,000.00 ՀՀ դրամի դիմաց:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկողոսյանի հայտարարագրում որպես եկամուտ է նշվում 2,472,565.00 ՀՀ դրամը՝ գոյացած աշխատավարձից: Նիկողոսյանի կնոջ՝ Նելլի Գասպարյանի հայտարարագրում ավելի կլորիկ թվեր են՝ 7,200,000.00 ՀՀ դրամ, 12,000.00 ԱՄՆ դոլլար:
Ինչպես տեսնում ենք՝ հին ավանդույթները շարունակվում են արդեն Նոր Հայաստանում: Խնդիրը հետևյալն է՝ պաշտոնյաները հայտարարագրեր ներկայացնում են երկու տարբերակով՝ մեկը պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու դրությամբ հայտարարագիրն է, մյուսը՝ տարեկան: Տարեկան հայտարարագրերը տարածվում են նաև ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վրա: Եթե ընտանիքի անդամը պաշտոնյայի՝ պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ չի ներկայացնում հայտարարագիր, այնուհետև հետո սկսում է տարեկան կտրվածքով ներկայացնել, մենք ունենում ենք իրավիճակ, երբ կարողանում ենք վերահսկել միայն շարժը: Այսինքն՝ հայտնի չէ, թե ի սկզբանե ինչ կար գրացված կնոջ անունով, որպեսզի հասկանանք, թե ինչ փոխվեց: Եվ այս օրենսդրական բացը, որի մասին բազմիցս խոսել են փորձագետները, նոր իշխանությունները համառորեն չեն ցանկանում փոխել, գուցե՝ այսպես ավելի ձեռնտու է: Արդյունքում, պարզվում է, որ իրենք` թավշյա պաշտոնյաները, ահագին աղքատ են, դուրս չեն գալիս, ինչպես իրենք էին ասում՝ «քյասիբ հեղափոխականի» ամպլուայից և ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում՝ «կարևորը թղթերով ամեն բան կարգին է»: Իսկ ահա թավշյա պաշտոնյաների կանայք՝ մեկը մյուսից հաջողակ բիզնեսմեններ են, որոնք ամեն գործարքից մեկին հազար շահույթ են ստանում…