Այսօր՝ մայիսիննյան եռատոնի կապակցությամբ, հաղթանակի Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու գնացած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին չեն թույլատրել մուտք գործել անգամ Հաղթանակի զբոսայգի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին ասաց «Լուսավոր Հայաստան»-ից Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:
«Ես ու մեր խմբակցության պատգամավորները ծաղիկներ խոնարհելու նպատակով էինք գնացել: Ոստիկանները, որոնք հսկողություն էին իրականացնում հենց զբոսայգու մուտքի մոտ, մեր այցելության մասին ծանուցեցին իրենց վերադասներին, նրանք էլ թույլ չվեցին ճանապարհը բացել դեպի Անմար կրակ»,- ասում է Խաժակյանը:
«Հետո մենք, առցանց տեսնելով, թե ինչպես են իշխող կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում նաև պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ներկա գտնվել այնտեղ, որտեղ արգելվեց ընդդիմադիրներին, հասկացանք, որ նույնիսկ հարգանքի տուրք մատուցելն այս իշխանությունը մենաշնորհ է դարձրել»,-նշում է Խաժակյանն ու ավելացնում, որ այլընտրանք չէր մնում, քան իրենց հեռանալը, որովհետև ոստիկաններին կար հստակ տրված ցուցում՝ պատնեշներով թույլ չտալ ներս մտնել ոչ ոքի, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին:
Ավագանու ընդդիմադիր անդամը եղածը մանրախնդրություն համարեց և այդ մանրախնդրության մեջ մեղադրեց գործող իշխանություններին:
«Ալեն Սիմոնյանն իր՝ ավագանի լինելու ժամանակ պայքարում էր, որ «Երկիր Ծիրանի»-ի ծառայողական մեքենան մուտք գործեր քաղաքապետարան, և ինքն էլ այդ իրավիճակը մանրախնդրություն էր համարել: Հիմա, իրենց, արդեն որպես իշխանության, արածն է՜լ ավելին է, քան մանրախնդրությունը, որովհետև, եթե այն ժամանակ խոսքը մեքենային էր վերաբերում, հիմա մարդկանց է վերաբերում, որոնք հարգանքի տուրք պիտի մատուցեին»,- եզրափակեց Խաժակյանը: