«Եթե պատերազմ լինի՝ մենք անշուշտ նորից կհաղթենք: Թշնամին կարող է ժամանակավոր հաջողություն ունենալ, բայց երկարաժամկետ պատերազմում մենք ենք հաղթելու: Այդպես եղավ նաև 2016 թ.-ին, երբ թշնամին երեքօրյա հաջողություն գրանցեց, բայց եթե պատերազմը շարունակվեր, ապա բոլորովին այլ ընթացք կլիներ: Սա մեր թշնամին լավ գիտակցում է, ուստի դադարեցրեց գործողությունները»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, ազատամարտիկ Շահե Աճեմյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը հաղթելու է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ:

«Մենք ոչնչի պակաս չունենք՝ բարձր է ինչպես մեր զինվորների, սպայական կազմի մարտունակությունը, այնպես էլ՝ ազատամարտիկներինը: Մենք գիտենք, թե ինչու ենք մարտի դաշտ գնացել, ինչու ենք կռվում: Մեզ համար պայքարն ազատագրական է, մենք մեր հողերն ենք ազատել: Ես հաճախ եմ ասում, որ ադրբեջանցիները գողի պես են կռվում: Նրանք ընդամենը փորձում են զավթել, քանի որ գիտեն՝ հողերն իրենցը չեն: Եվ հենց սա է պատճառը, որ նրանք շուտ են կոտրվում»,-նշեց նա:

Աճեմյանն ընդգծեց, որ հայկական կողմը պայքարի ժամանակ ևս կարող էր կոտրվել, բայց շուտ վերականգնվում էր՝ ի հաշիվ հավատի, ոգու և անձնվիրության. «Մենք այս ամենի արդյունքում ենք հաղթել: Նրանք փախչում էին, եթե ինչ- որ բան չէր ստացվում' նրանք պատրաստ չէին այդ պայքարի մեջ իրենց կյանքը զոհել, իսկ մենք՝ մեր կյանքի գնով էինք պայքարում: Դա մեր համոզմունքն էր․ մեր յուրաքանչյուր քայլի բացարձակ գիտակցում ունեինք»:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան հարցի կարգավորման փուլային տարբերակը: Հարցին, թե հնարավո՞ր է բանակցային գործընթացում պարտվենք, նա պատասխանեց.«Դիվանագիտությունն ու ռազմի դաշտը երբեք չի կարելի միաձուլել: Կարող են գաղտնի պայմանավորվել, որ պատրաստ են հողերը հանձնել: Սա դավաճանություն է, և ցավոք այդ գործընթացը մեզանից գաղտնի ընթանում է: Մենք շատ լավ գիտենք, որ այսօր բանակցում են հողեր վերադարձնելու շուրջ: Խնդիրն այն է, թե բանակցողներն ինչպես են դա իրագործելու: Ի վերջո, հրաման կատարողները զինվորականներն են: Գիտեք՝ ինչ կլինի, եթե նրանք չենթարկվեն այդ օրվա քաղաքականություն, դիվանագիտություն, դավաճանություն մշակողներին․ կլինի պատերազմ: Ինչքան էլ դիվանագիտություն են խաղում, վերջ ի վերջո ամեն ինչ պատերազմն է որոշելու: Ցավոք, այսօր ունենք թույլ իշխանություն, որը գնում է մութ սենյակներ բանակցություների, մութ գործարքներ են կնքում, բայց ինչ էլ որոշեն՝ վերջին խոսքը բանակինն է»:

Աճեմյանը նաև շնորհավորեց բոլորիս տոնի առթիվ՝ մասնավորապես նշելով, որ ազգի դեմ գործած բոլոր դավադրությունները ձախողվելու են:

Լուսինե Մարդոյան