Ֆեյսբուք սոցիալական ցանցում նորից բուռն քննարկում է: Այս անգամ թեման Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայքում գտնվող թիվ 85 մանկապարտեզի տնօրեն՝ Լիլիթ Ավետիսյանի գրառումն է այն մասին, որ ապտակը ավանդական տարբերակն է սերունդներին ինֆորմացիայի փոխանցման համար: Տնօրենը նման գրառում է արել՝ կից ներկայացնելով օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի լուսանկարը:
Բնականաբար, նման գրառումը՝ այն էլ կրթական հաստատության տնօրենի կողմից, չէր կարող անտարբեր թողնել մեր հասարակությանը, ուստի՝ հնչեցին բազմաթիվ մեղադրական խոսքեր: Թերևս դրա արդյունքում գրառումը ջնջվեց:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ մանկապարտեզի տնօրենը Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի քենին է:
Տիկնոջ գրառմանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Վերջինս, մասնավորապես, գրում է, «Իսկ գիտե՞ք՝ ինչու է մանկապարտեզի տնօրենը այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։ Սա՛ է այս իշխանությունների նկարագիրը։ Ըստ իրենց՝ հները պետք է հեռանան ոչ թե նոր և պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու համար, այլ իրենց ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու համար։ Վերջիններս էլ կլեգիտիմացնեն իրենց նշանակած իշխանությունների կողմից կիրառված բռնությունը»:
Հատկանշական է, որ միջադեպին անդրադարձել է նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Քաղաքային ենթակայության կրթարանների մանկավարժներին, հատկապես, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին խստիվ հորդորում եմ պահպանել քաղաքական կոռեկտությունը և իրենց հանրային պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ: Խնդրում եմ չմոռանալ, որ մենք ծառայում ենք բոլորին՝ անկախ որևէ նախասիրությունից, և այդ իմաստով քաղաքական ելույթներն անթույլատրելի են, առավելևս, անթույլատրելի է որևէ դիրքորոշում, որը կարող է մեկնաբանվել իբրև բռնության արդարացում»: