ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի 12-ից երկրում ավարտվում է ոչ աշխատանքային օրերի ռեժիմը, որը գործում էր մարտի 30-ից՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

ՌԴ նախագահը նշել է, որ ոչ աշխատանքային օրերի ռեժիմն ավարտվում է տնտեսության բոլոր ճյուղերի համար, սակայն համավարակի դեմ պայքարը չի ավարտվում:

«Այդ արտառոց միջոցը մեզ թույլ տվեց սառեցնել, դանդաղեցնել համաճարակի տարածումը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակից դուրս գալու գործընթացն արագ չի լինի, հարկավոր է պահպանել սանիտարական բոլոր պահանջները: Բոլոր զանգվածային միջոցառումների նկատմամբ արգելքը կպահպանվի:

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ 65 տարեկանից բարձր և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ինքնամեկուսացման ռեժիմը կպահպանվի: