Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ քաղաքում կսկսեն զանգվածային թեստավորումներ կատարել, հաղորդում է Interfax լրատվական գործակալությունը:

Սոբյանինի խոսքերով՝ Մոսկվան արդեն ունի տեխնիկական հնարավորություններ՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով հետազոտության թիվը օրական 100 հազարի, այնուհետև նաև 200 հազարի հասցնելու համար:

«Մոսկվան առանց այդ էլ թեստավորումների թվով աշխարհի քաղաքների շրջանում առաջատար է: Արդեն այս շաբաթ մենք կանցնենք այս ծրագրի պրակտիկ իրագործման: Արդեն այս շաբաթ մեր 30 պոլիկլինիկաները կսկսեն սքրինինգային հետազոտությունների համար մոսկվացիներից արյուն վերցնել: Շաբաթական մինչև 70 հազար մոսկվացի կհրավիրվի պոլիկլինիկա կորոնավիրուսի իմունաֆերմենտային անալիզի մեթոդով թեստ հանձնելու համար»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը:

Սոբյանինը նաև նշել է, որ քաղաքում նաև կզարգանա կորոնավիրուսի պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով թեստավորումը:

Ընդհանուր առմամբ, Մոսկվայում կա 130 հազարից ավելի վարակակիր: Ընդ որում, Ռուսաստանում մայիսի սկզբից առաջին անգամ այսօր արձանագրվել է օրական 10 հազարից պակաս կորոնավիրուսի նոր դեպք: