«Խորհրդարանական երկու ընդդիմությունները լրիվ տարբեր ստրատեգիաներով են աշխատում: «Բարգավաճ Հայաստանը» սովորական ընդդիմություն է: ԼՀԿ-ն համագործակցող ուժ է, գործարքի գնացող ուժ է, եթե տեսնի, որ որոշ ուժեր հաղթում են, կմիանան ու հաղթանակը կկիսեն, և կմիանան ոչ հանուն գաղափարախոսության: Այնուամենայնիվ, դասական ընդդիմություն էլ չէ»,- ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալանն, ում հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ներքաղաքական իրավիճակի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին:
«ԼՀԿ-ն խիստ քննադատությունների հետ մեկտեղ նաև իշխանության համար էր աշխատում, չմոռանանք, որ այն ծրագրերը, որոնք իշխանությունն իր անունից չէր ուզում անցկացնել, անցկացնում էր ԼՀԿ-ի անունից: Դրան զուգահեռ՝ մեծամասամբ չեն ընդունվում ԼՀԿ-ի նախագծերը»,- ասում է քաղտեխնոլոգն ու հավելում, որ տեղի ունեցած ծեծկռտուքը բռնություն էր ընդդիմության վրա, և դա կանդրադառնա վերոհիշյալ հարաբերությունների վրա:
Անդրադառնալով «Իմ քայլի»՝ մանդատները երկուստեք վայր դնելու պայմանին՝ Բադալյանը պնդում է՝ անլրջություն Է: «Իշխանությունը, կարճ ասած, մանկապարտեզ-մանկապարտեզ է խաղում և փորձում հավասարի նշան դնել հարվածողի ու հարվածը ստացածի միջև, այդպիսով գցել մեղքն իր ուսից, ինչն անընդունելի է ժողովրդավարական երկրներում»:
Մեր այն հարցին, թե ինչու է Մարուքյանն այդքան վստահ, որ հաջորդ իշխանությունն ինքն է լինելու, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Յուրաքանչյուր ընդդիմություն էլ պիտի պնդի, որ հաջորդ իշխանությունն ինքն է լինելու, հակառակ դեպքում՝ ոչ ոք չի մնա կուսակցությունում: Առանց այն էլ ԼՀԿ-ն, եթե նախկինում ուներ գրավչություններ, հիմա այլևս չունի: Եվ իզուր են ԼՀԿ-ի հույսերը, թե սպասվող ընտրություններում իրենք կընտրվեն և կանցնեն խորհրդարան: Երբ ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանի իշխանության ռեյտինգն անկում է ապրել, պետք է հաշվի առնի, որ դրան զուգահեռ անկում է ապրում իրենց ռեյտինգը»:
Քաղտեխնոլոգի պնդմամբ՝ մինչ այդ մեծ փոփոխություններ տեղի կունենան քաղաքական դաշտում, նոր ուժեր ի հայտ կգան, որոնցից մեկն ու ամենամրցակցայինը կլինի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցությունը:
«Այդ ժամանակ ԼՀԿ-ն կրկին կհայտնվի լուսանցքում, ինչպես հիմա: Իսկ Վանեցյանին կօգնի այն փաստը, որ նա գործող իշխանությունից անջատ է և դեմ է իշխանություններին: Արթուր Վանեցյանի շուրջ կարող են համախմբվել գործող իշխանություններից դժգոհներն ու հիասթափվածները, նույնը չեմ կարող ասել Միքայել Մինասյանի մասին, ով մեկ տարի է, ինչ տարբեր մեսիջներ է ուղարկում վարչապետին: Միքայել Մինասյանն ինչ էլ անի, ընկալվելու է որպես հանրապետական և նրան շատ դժվար է լինելու այդ ընկալման հետ մեկտեղ դրական վերաբերմունքի արժանանալ»,- նշեց Բադալանը:
Անդրադառնալով իշխող ուժի գործելաոճին՝ քաղտեխնոլոգն ասաց. «Եթե Փաշինյանը չղեկավարի «Իմ քայլը», այդ կուսակցությունը մեկ տոկոս էլ ձայն չի ստանա, Փաշինյանի դեպքում էլ, չնայած, արդեն բարդ է դրական կանխատեսումներ անելը: Այս ամենն իրենք էլ են գիտակցում և դրա վառ ապացույցն արտակարգ դրության երկարացումն է»:
Ճշտող հարցին, թե արտակարգ դրության երկարացումն ինչ կապ ունի, Բադալյանը պատասխանեց. «Արտակարգ դրությունը երկարացվեց միայն, որ հանրաքվեն մի փոքր էլ հետաձգվի: Իշխանությունը փորձում է ժամանակ շահել հանրաքվեն չեղարկելու եղանակ գտնելու համար, որովհետև վստահ է, որ քվորում չի ապահովելու և բացահայտ պարտվելու է»,-եզրափակեց քաղտեխնոլոգը: