Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ Սանիթեքի տնօրինության պահվածքն անհասկանալի է, որ ինքը տպավորություն ունի, որ տնօրինությունը մի կողմից պարզապես սաբոտաժ է անում, մյուս կողմից՝ ժամանակ շահում, հնարավոր է՝ քաղաքապետարանի՝ իրենց փոխանցված գումարները դուրս հանելու համար: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը տարակուսել էր Հայկ Մարությանի ներկայացրած փաստերից եւ ակնարկել, որ հնարավոր է այդ փողերը տանում են Լիբանանում գտնվող Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյային: Վարչապետը ակնարկում էր, որ Սանիթեքի հետեւում կանգնած են եղել հայաստանցի պաշտոնյաներ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, և Սանիթեքն էլ փողերը հանում, տանում էր հենց Լևոն Սարգսյանին: Ուշագրավ է, որ թեև վարչապետը ուղիղ եթերում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, պատկան մարմինները այդպես էլ չեն գնացել սույն հայտարարության հետքերով և մինչ օրս էլ ապացուցված չէ Լևոն Սարգսյանի և Սանիթեքի միջև նշվող կապը:

Ընթերցողը նաև քաջ հիշում է, որ ընդամենը ամիսներ առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցի ընթացքում բացահայտ մեղադրանք ներկայացրեց ՀՖՖ գործող նախագահ Մելիքբեկյանին: «Ֆեդերացիայի նախկին նախագահը եթերի ընթացքում դեպք է հիշել կապված Մելիքբեկյանի հետ. Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքի հետ մեկնել էր Իսպանիա, ով որ խումբը ղեկավարում ա, նրան մենք տալիս ենք քարտ, որ անհրաժեշտության դեպքում անի համապատասխան ծախսեր: Իսպանիայից վերադառնալուց հետո Մելիքբեկյանը հայտարարեց, որ իր քարտը գողացել են և բոլոր փողերը քաշել են: Էդ գումարը ես անձամբ փակել եմ, ու ասել եմ՝ ռադդ քաշի, գնա: Ես՝ ինքս գիտեմ, թե Մելիքբեկյանն ով ա: Ինքը մոռանում ա, որ Վանեցյանի ընտրության ժամանակ երբ ինքը գործկողմի անդամ էր ընտրվում, նույնիսկ կոշիկի տակ չուներ: Կոշիկի տակը պոկվեց, վեկալեց, դրեց գրպանը, գնաց...: Բոլորը հայտարարում են, որ նա իրավունք չունի թեկնածություն դնելու: Երկրպագուները ո՞նց չեն հասկանում, որ Մելիքբեկյանը չարիք է երկրի համար»,- ասել է Հայրապետյանը: Փաստացի, Ռուբեն Հայրապետյանը մեղադրել էր ՀՖՖ գործող նախագահին ֆինանսական չարաշահումների մեջ: Սակայն, Հայրապետյանը չի սահմանափակվել միայն Մելիքբեկյանով: ՀՖՖ նախկին նախագահը նաև առաջարկել էր ստուգել Խաչատուր Սուքիասյանի Բջնի գործարանի հարկերը: Գործարարը հարցազրույցի էր եկել թղթերով «զինված»։ Նա եթերում ցույց տվեց «Բջնի» գործարանի' 1996թ–ից առ այսօր վճարված հարկերի ցուցակը, ըստ որի' 1996-2000թթ–ը գործարանն ընդհանրապես հարկ չի վճարել, 2001–2008թթ–ին ընդհանուր առմամբ վճարել է 912 700 000 դրամ հարկ, իսկ 2010թ.–ից առ այսօր, երբ գործարանի սեփականատերն արդեն Հայրապետյանն է, վճարել է 3 մլրդ 661 մլն դրամ հարկ։ «Մենակ անցած տարի 780 մլն դրամ եմ տվել, համարյա այնքան, որքան 12 տարում իրենք էին տվել»,– ասել էր Հայրապետյանը։

Այս դեպքերը բացահայտ հանցագործության մասին հաղորդումներ են, հրապարակային արված մեղադրանքներ, որոնցով պատկան մարմինները առնվազն պետք է հետաքրքրվեին: Սակայն, անցել են ամիսներ, իսկ քրեական գործեր, հարկային ստուգումներ այդպես էլ չեն իրականացվել: Ուշագրավ է նաև, որ Հայրապետյանին մոռացան անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս իր հարցազրույցում մեսիջ հղեց՝ կարող է ասել նաև ավելին, նույնիսկ՝ կարող է ապացուցել: Փաշինյանի իշխանության մյուս ներկայացուցիչները նույնպես պարբերաբար ակտիվ հանցագործության մասին հաղորդումներ են տալիս: Մարզպետները աուդիտի արդյունքում չարաշահումներ են գտնում՝ իհարկե, նախկինների գործունեության հետ կապված, թաղապետերը գործ են տալիս նախկին թաղապետերի դեմ, նախարարները՝ նախկին նախարարների: Սակայն, ո՞ւր են քրեական գործերը, դրանք պարզապես չկան: Եվ վերոնշյալ մոռացության մատնված հանցագործության մասին հաղորդումները գալիս են վկայելու, որ իշխանությունները չունեն ապօրինությունները խորքային բացահայտելու քաղաքական կամք և ինչն էլ ավելի կարևոր է՝ ցանկություն, իսկ հանցագործության մասին հաղորդումները պարզապես օգտագործվում են միմյանց քաղաքական մեսիջներ հղել, և դրանք ընդամենը քաղաքական առևտրի բաղկացուցիչ մասն են…