Վերջին երեք ամիսներին կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը, կարծես թե, պետք է ստիպեր պետական մարմիններին փոքր-ինչ ավելի ուշադիր լինել ՓՄՋ-ի հանդեպ: Այդ ուշադրությունը կարող էր արտացոլվել նրանում, որ պետական մարմինները խոշոր օլիգարխների ընկերությունների հետ գնման պայմանագիր կնքելու փոխարեն հայացքները թեքեին դեպի առավել փոքր, և համաճարակից առաջացած ճգնաժամից առավել տուժած փոքր ու միջին բիզնեսը: Վերջին երեք ամիսներին մեկ անձից գնման ընթացակարգի ուսումնասիրությունը, սակայն, ապացուցում է, որ մեր գերատեսչությունների համար կարևորը ոչ թե բիզնեսին աջակցելն է, այլ՝ կոնկրետ մարդկանց բիզնեսին աջակցելն է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն շուրջ 600 հազար դրամի հակավիրուսային համակարգչային ծրագրային փաթեթների ծառայություններ է ձեռք բերել «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից և 799,600 ՀՀ դրամի մեդալներ և կրծքանշաններ Երևանի ոսկերչական գործարանից: ՏՄՊՊՀ-ն 335,730 ՀՀ դրամի գրենական պիտույքներ է գնել նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի «Սմարթլայն» ՍՊԸ-ից: Վարչապետի աշխատակազմը 21,424 ՀՀ դրամի բժշկական սպիրտ է գնել «Նատալի Ֆարմ»-ից, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին:
Թթվածնի մատակարարման սարքի ձեռքբերման հարցում վարչապետի աշխատակազմը առավել կրեատիվ է գտնվել և այն ձեռք է բերել «Արպանիվ» ՍՊԸ-ից՝ 37,154,000 ՀՀ դրամով, սակայն, ուշագրավ է, որ այս ընկերությունը զբաղվում է անիվների և մարտկոցների վաճառքով: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին։ Ընկերության գրանցման հասցեն է՝ Նար-Դոսի 122։ ՍՊԸ տնօրենը եւ ներկայումս բաժնետոմսերի ողջ փաթեթի սեփականատերը Երեւանի բնակիչ Արտյոմ Խանդանյանն է: Ընկերությունը հիմնադրել են Խանդանյանը եւ ոմն Էրիկ Հարությունյանը, որը 2009 թվականին իր բաժնեմասերը փոխանցել է Խանդանյանին: «Արպանիվ» ՍՊԸ սեփականատեր Արտյոմ Խանդանյանը նաեւ «Կոմպյուլինկ» ՍՊԸ բաժնետերերից է: Նրան է պատկանում այս ընկերության բաժնետոմսերի 34 տոկոսը:
Շրջակա միջավայրի նախարարությունը այս նույն ՍՊԸ-ից 37,500 ՀՀ դրամի տրանսպորտային նյութ է գնել և 400,000 ՀՀ դրամի ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայություն՝ Սամվել Մայրապետյանի «Տոյոտա»-ից:
ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը 180,000 ՀՀ դրամի գրենական պիտույք է ձեռք բերել իշխանությունների սրտի «Անտարես»-ից: ԱԺ աշխատակազմը 600,000 ՀՀ դրամի ծառայություն է գնել Մայրապետյանի «Տոյոտա»-ից: Նախկին թալանչիներին վերստին հարստացնելու թեման ամբողջական չի լինի, եթե չնշենք, այն հանգամանքը, որ Հայաստանի հետհեղափոխական Կառավարությունը, 1 մլրդ 15 մլն չարաշահմանը զուգահեռ, աղմուկի կենտրոնում հայտնված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ 3 մլրդ 172 մլն դրամի նոր պայմանագիր է կնքել: Պայմանագիրը Ոստիկանությունն ու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն կնքել են 2019 թվականի հունվարի 25-ին՝ կոռուպցիոն բացահայտումից կես տարի անց: