Կապանի Ոստիկանության դիմաց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Քաղաքացիները կոչ են անում կապանցիներին միանալ իրենց պայքարին, ինչպես նաև պահանջում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից գալ և պատասխան տալ ոստիկանության կողմից, իրենց բնորոշմամբ, անարդարությունների և գործադրված բռնության համար:
Քաղաքացիները պահանջում են մարզպետից բացի իրենց պատասխաններ տա նաև փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որովհետև, ըստ իրենց, այս ամենը կազմակերպված է հենց իր կողմից: Քաղաքացիները հնչեցրին նաև քաղաքական հայտարարություն. «Նարեկ Բաբայանը պետք է հեռանա»:
Մայիսի 24-ին, ժամը 9:40 սահմաններում, դիմակավորված և զինված ոստիկաններ Սյունիքի մարզային քննչական վարչություն բերման են ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչներ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին:
Ավելի վաղ ազատ արձակված Նվեր Խարատրյանի հարազատների խոսքով՝ նրան ծեծի են ենթարկել ոստիկանությունում։ Քաղաքացիներն այժմ պահանջում են գործն ընթանա Կապանում, որպեսզի կարողանան ամենօրյա վերահսկողության տակ պահել գործը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն արդեն իրադարձությունները որակել է քաղաքական հետապնդում իր և իր հարազատների հանդեպ: