Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սկանդալ է հասունանում՝ կապված Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ, որում նախարարը կորոնավիրուսի դեմ պայքարի հայաստանյան փորձը առավել հաջողված էր համարել և ակնարկել, որ վրացական կողմն ունի տվյալների ներկայացման հարցում թափանցիկության խնդիր: Թորոսյանի վրացի գործընկերներն անչափ կտրուկ են արձագանքել նրա հայտարարությանը, բանը հասել է նրան, որ Թորոսյանը ստիպված է եղել դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրել վրացական կողմից:
Սա հետհեղափոխական Հայաստանի առաջին միջպետական սկանդալը չէ: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների քայլերը կամ հայտարարությունները հանգեցրել են այս կամ այն երկրի հետ հարաբերությունների լարմանը կամ միջպետական, դիվանագիտական սկանդալի: Առաջին ծիծեռնակը Հայկ Կոնջորյանի ելույթն էր խորհրդարնում, որում վերջինս հարևան Իրանին անվանել էր ավտորիտար պետություն: Այս դեպքում կարելի է ասել միայն հրաշքով հայկական կողմը խուսափեց իրանական կողմի հետ դիվանագիտական սկանդալից: Սակայն, այս դեպքը դաս չդարձավ իմքայլականնների համար և հաջորդ կիքսի հեղինակը Ռուբեն Ռուբինյանն էր, ով ԵԽԽՎ-ում ՌԴ շահերի դեմ նախագծին սխալմամբ քվեարկելուց հետո ստիպված էր մերձեցման երեկոներ կազմակերպել ռուս պատգամավորների հետ, որպեսզի շտկի երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած սուր անկյունները: Պակաս սկանդալային չեն հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը և հայտարարությունները, մասնավորապես՝ վարչապետի ջանքերով լուրջ լարվածություն է առաջացել ՀՀ-ՌԴ, ՀՀ-Բելոռուս հարաբերություններում: Փաշինյանն անգամ հասցրել է «մուննաթ» գալ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների վրա, քանի որ վերջիններս հանդգնել են չֆինանսավորել իր բարեփոխումները, իսկ այդ «մուննաթին» ստիպված էր պատասխանել անձամբ ՀՀ-ում ԵՄ դեսպանը: Հարթ չեն ընթացել նաև Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումները, ասում են՝ տիկին դեսպանն այդ հանդիպումից հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի: ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության աճ նկատվեց նաև այն բանից հետո, երբ «Իմ Քայլի» պատգամավոր Նարինե Թուխիկյանը խորհրդարանում բարձրացրեց ռուսական հեռուստաալիքները ՀՀ-ում արգելելու առաջարկը, կամ՝ կոչ-մտահոգությունը: Այնուհետև, ըստ մամուլի տեղեկությունների, «Իմ Քայլում» դաստիարակչական ժողով է տեղի ունեցել, սակայն փատենք, որ այդ հանգամանքը դժվար թե ազդի արդեն իսկ փչացված հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Վերը նշվածն ընդամենը մի քանի օրինակներ են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիմը հաջողացնում ոտքի վրա փչացնել հարաբերությունները բոլոր հնարավոր և անհնարին գործընկեր պետությունների հետ: Եվ սա մեզ փորձում են մատուցել իբրև նոր որակի արտաքին քաղաքականություն: Փաստացի, Փաշինյանը և իր թիմն այդպես էլ չգիտակցեցին իրենց զբաղեցրած պաշտոնների և այդ պաշտոններում արված յուրաքանչյուր հայտարարության գինն ու լրջությունը՝ մնալով փողոցային դիվանագիտության տակ…