Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շահառու են եղել 14.964 ձեռնարկություն, որոնց ընդհանուր առմամբ վճարվել է 2,2 միլիարդ դրամ։ 2020-ի 4 ամսվա ընթացքում Հայաստանում 12.000 քաղաքացի կորցրել է աշխատանքը։ «Աշխատողներին աշխատանքից ազատելու առումով այդքան էլ վատ պատկեր չունենք։ 4 ամսվա տվյալներով` ընդամենը 12.000 աշխատող է կորցրել իր աշխատանքը։ Շատ ավելի մեծ տոկոս է կազմում այն աշխատողների թիվը, որոնք կան, բայց փաստացի աշխատավարձ չեն ստացել»,–ասել է Մանուկյանը։ 

 

Հիշեցնենք, որ 2019–ին Հայաստանում 40 հազար աշխատատեղ էր ստեղծվել, իսկ 2020-ի 4 ամիսների ընթացքում արդեն իսկ փակվել է 12 հազարը և ինչպես կարելի է հասկանալ պետության օժանդակության մասշտաբներից՝ այդ տեմպերը պահպանվելու են, քանի որ օժանդակությունը և՛ բավարար չէ, և՛ հասցեական չէ: Բացի այդ՝ 74 հազար մարդ եկամուտ չի ստացել միայն ապրիլ ամսին: Աշխատատեղերի՝ փետրվարի աճը, ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, հունվարի համեմատ կազմել էր 14 400, իսկ մարտինը՝ փետրվարի համեմատ՝ 3700 նոր աշխատատեղ: Անգամ եթե այս թվերը իրական են և հերթական աճպարարության արդյունքը չեն՝ պարզից էլ պարզ է, որ չորս ամիսների ընթացքում աշխատատեղերի կտրուկ կրճատումը զրոյացրել է չնչին աճը: Եթե 12 հազարը բաժանենք չորս ամիսների, ապա ստացվում է, որ 2020-ի ընթացքում Հայաստանում փակվել է ամսական 3000 աշխատատեղ, մինչդեռ ՊԵԿ նախագահը այլ բան էր պնդում: 2020 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես գրանցվել է 85․900 գործազուրկ և աշխատանք փնտրող։ 2020-ի հունվար-փետրվար ամիսների համեմատ՝ նրանց թիվն աճել է։ Այն, որ կորոնավիրուսը տնտեսական լուրջ հետևանքներ է խոստանում, գաղտնիք չէ։ Սակայն, ինչպե՞ս այն կազդի հայաստանյան աշխատաշուկայի վրա։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կանխատեսում են գործազրկության մակարդակի 1․3%-անոց աճ։ Արդյունքում՝ երկրում գործազրկությունը 17.7 տոկոսից մինչեւ 19 տոկոս կհասնի, իսկ դա մինչ հեղափոխությունը գրանցված ցուցանիշն էր: Հայաստանը կգրանցի 40 հազարով ավել գործազուրկ։ Իսկ սա ճիշտ և ճիշտ այն աշխատատեղերի թիվն է, որոնք, ըստ պաշտոնական վիճակագրության, բացվել էին նախորդ տարի: 

 


Որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր անհրաժեշտ են պետական աջակցության գործուն ծրագրեր, որոնք այս պահի դրությամբ չկան և այդ մասին խոսում են հենց բիզնես ոլորտի ներկայացուցիչները, ովքեր պետական աջակցությունը բավարար չեն համարում իրենց բիզնեսը փրկելու համար: 

Հ.Գ. Նյութը գրելուց հետո արդեն իսկ պարզ դարձավ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատվելու դիմում  է գրել:  Դժվար է ասել, թե կոնկրետ որն է Անանյանի հրաժարականի պատճառը, սակայն վերը նշված խնդիրներն ակնհայտորեն նպաստել են ՊԵԿ նախագահի կողմից լիազորությունները վայր դնելուն...