Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը:
Ծառուկյանին աջակցելու համար դատարանի մոտ են եկել ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և այլք:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ն որոշեց Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։
ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրգործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Երեկ արդեն ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: