COVID-19-ի համաճարակը շարունակվում է: Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 9 միլիոնի սահմանագծին: Վիրուսը չի նվազեցնում իր ակտիվությունն ու ագրեսիվությունը: Չինաստանը նախազգուշացնում է երկրորդ ալիքի լուրջ սպառնալիքների մասին:
Ամեն օր գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բան են պարզում: Առավել արդիական հարցերից մեկն այն է, թե ինչպե՞ս է այդ վիրուսը ներթափանցում մարդու օրգանիզմ: Դրա պատասխանը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանվել վարակից:
Այդ խնդրին է անդրադարձել Frankfurter Rundschau գերմանական հրատարակությունը:
Պարզվում է՝ նոր կորոնավիրուսն օգտագործում է քթի լորձաթաղանթը օրգանիզմ թափանցելու և դրա մեջ տարածվելու համար: Սա հայտնաբերել են Հյուսիսային Կարոլինայի ամերիկացի հետազոտողները: Նրանց եզրակացությունը հրապարակվել է Cell գիտական ամսագրում:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ վիրուսը նախ ախտահարում է քթի խոռոչի բջիջների վրա և այնտեղից ֆիզիոլոգիական հեղուկների հետ մտնում է թոքերի խորքային հատվածներ: Քթի միջով կորոնավիրուսը կարող է տեղափոխվել նաև ուղեղ, ինչը, ըստ առկա տվյալների, վարակի հետևանքով կարող է ախտահարվել:
Վիրուսի ճանապարհն ուսումնասիրելու համար հետազոտողները լաբորատորիայում առկա գենետիկական տվյալների հիման վրա նոր կորոնավիրուսի արհեստական երկվորյակ են ստեղծել, որը ֆլոուրեսցենցիայի դեպքում կանաչ լույս է արձակում: Օգտագործելով գերզգայուն մեթոդ՝ նրանք նաև ուսումնասիրել են քթի լորձաթաղանթում, կոկորդում և բրոնխներում գտնվող տարբեր տեսակի բջիջները՝ դրանցում ACE2 ընկալիչների պարունակությունը որոշելու համար: Այս ընկալիչը շատ կարևոր է COVID-19-ի համար, քանի որ վիրուսը կպչում է դրան՝ բջջի մեջ մտնելու համար: Գիտնականները պարզել են, որ ACE2 ընկալիչների կոնցենտրացիան նվազել է վերին շնչուղուց մինչև ստորիններ: Սա նշանակում է, որ քթի լորձաթաղանթի բջիջներում դրանք ավելի շատ են եղել, քան կոկորդի և բրոնխների բջիջներում:
Ուսումնասիրության երկրորդ մասում գիտնականները փորձարկել են, թե SARS և MERS հիվանդություններից հետո հիվանդների արյան մեջ հայտնաբերված հակամարմինների հետ ինչ է կատարվում, երբ հանդիպում են նոր կորոնավիրուսի: Հնարավոր է եղել պարզել, որ այդ հակամարմինները փոքր չափով կարողացել են զսպել նոր կորոնավիրուսի վերարտադրությունը: Սա կարող է վկայել այն մասին, որ մարդիկ, որոնք ունեցել են SARS կամ MERS, COVID-19- ի դեմ ունեն մասնակի իմունիտետ, ինչը նպաստում է նրանց մոտ հիվանդության ավելի հեշտ ընթացքին: Գիտնականները կարծում են նաև, որ հնարավոր է, որ այն մարդիկ, որոնք ունեցել են այլ կորոնավիրուսներով պայմանավորված տարածված հիվանդություններից մեկը, ևս կարող են ունենալ այդպիսի մասնակի իմունիտետ:
Ռեգենսբուրգի համալսարանական հիվանդանոցի վարակաբան Բեռնդ Զալցբերգերը չի մասնակցել այս ուսումնասիրությանը, բայց ամերիկյան իր գործընկերների մեթոդներն անվանել է «նոր և էլեգանտ»: «Մենք այժմ կարող ենք պնդել, որ սկզբում քթի լորձաթաղանթն է վարակվում, այնուհետև թոքերը, որտեղ, ամենայն հավանականությամբ, վիրուսն ընկնում է լորձի հետ»,- ասում է գերմանացի մասնագետը:
Այս արդյունքների դեպքում չի կարելի եզրակացնել, որ թոքերի ուղիղ վարակման ճանապարհը բացառվում է: Այնուամենայնիվ, այժմ դա թվում է «ավելի քիչ հավանական», կարծում է Զալցբերգերը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վիրուսը նախ վնասում է քթի լորձաթաղանթը կամ միայն դրանից հետո՝ թոքերը, այդ ժամանակը հնարավոր կլինի օգտագործել՝ թերապիայի միջոցով կանխարգելելու թոքային վարակի զարգացումը, վստահ է վարակաբանը: