Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակայն հաշվարկով: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն Բաբասյանին, ով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, իսկ վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանին տրակտորի միջից դուրս են բերել հրշեջ-փրկարաները և նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բերդի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն, որտեղ Հ. Բաբասյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Հայկ Ադամյանն ու Արամայիս Սիմոնյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ:

Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ոստիկանները, քանի որ պարզվել է, որ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են