Rolling Stones ռոք խումբը պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որ ընտրարշավի ընթացքում նա դադարի իր երգերը հանրահավաքներում օգտագործելուց: Այս մասին հաղորդել է բրիտանական PA Media բրիտանական գործակալությունը՝ հղում անելով երաժիշտների համապատասխան հայտարարությանը, որը հրապարակել է BMI (Broadcast Music, Inc.) հեղինակային իրավունքի պաշտպանության կազմակերպությունը:

Նշվում է, որ Միք Ջագերը և երաժշտական խմբի մյուս անդամները կարծում են, որ առանց թույլտվության չի կարելի կատարել իրենց կոմպոզիցիաները, քանի որ դա հեղինակային իրավունքի խախտում է: BMI-ն արդեն տեղեկացրել է Թրամփի նախընտրական շտաբին:

«Եթե Դոնալդ Թրամփն անտեսում է այս արգելքը և շարունակում է [կոմպոզիցիաներն օգտագործել], ապա նրա դեմ դատական գործ կհարուցվի արգելքը խախտելու և երաժշտությունն առանց արտոնագրի օգտագործելու համար», – կազմակերպության խոսքերը մեջբերում է գործակալությունը:

2016-ին, երբ Թրամփը պայքարում էր նախագահության համար, The Rolling Stones-ի անդամներն արդեն հորդորել էին քաղաքական գործչին իրենց կոմպոզիցիաները նախընտրական հանրահավաքներում չօգտագործել: