«Հակընդդեմ դատական հայց ենք ներկայացնելու Արմեն Ամիրյանի դեմ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից իրեն դատի տալու գործընթացներին։ Նշենք, որ Արմեն Ամիրյանը դատի է տվել կինոռեժիսորին՝ պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Նա բացատրել է, որ այդ քայլին գնալու պատճառը Հովհաննես Գալստյանի կողմից իր վերաբերյալ շարունակաբար «անհիմն ու կեղծ» տեղեկություններ տարածելն է։ 

 

Խոսելով ներկայիս իշխանության կողմից մշակութային ոլորտում տարվող քաղաքականության մասին՝ կինոռեժիսորը նշեց․ «Մշակույթի հետ կապված բոլոր իշխանությունները նույն քաղաքականությունն են վարում։ Նրանք ձևավորում են իրենց ենթարկվող, իրենց համար նախընտրելի, սիրելի արվեստագետների մի կաստա և սկսում են ֆինանսավորել, որպեսզի նրանք պաշտպանեն իշխանությանը տարբեր հարմար առիթների ժամանակ»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ ապրիլ ամսին ՔԿ-ն հայտարարել էր Մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին: Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է՝ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Դրանից հետո քրգործն ուղարկվել էր ՀՔԾ: Հովհաննես Գալստյանը ճանաչվել է տուժող: 

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի

Մանրամասները՝ տեսանյութում