«Գործի շրջանակներում կան բերման ենթարկվածներ ոստիկանության Մասիսի բաժին, ապա ազատ են արձակվել, այս պահին նյութեր են նախապատրաստվում, հրապարակման ենթակա տեղեկատվություն չէ»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից՝ անդրադառնալով երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որին մասնակից են եղել ՀՀԿ-ական Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռը, և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանը։
Ոստիկանությունից չցանկացան նշել, թե ինչն է եղել միջադեպի պատճառը և քանի անձ է բերման ենթարկված եղել։
Դավիթ Համբարձումյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով միջադեպին, գրել է․ «Եղբորս և Նվեր Մուրադյանի միջև երբևէ որևէ միջադեպ չի եղել և չի կարող լինել առնվազն այն պատճառով, որ Նվերը մեր քրոջ ամուսինն է՝ մեր փեսան և մեր ընտանիքի անդամ, հարազատ մարդ: Ինչ վերաբերում է Գոռին, Նվերին և իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, ապա դա առնվազն թյուրիմացության արդյունք է»,- գրել է Մասիսի քաղաքապետը։