Հայ-ադրբեջանական սահմանին ընդհանուր օպերատիվ վիճակը ժամը 18:00-ից համեմատաբար հանգիստ է: Այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում բրիֆինգի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին ընդհանուր օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է: Եվ այդ համեմատաբար հանգիստն ըստ էության սկսվել է ժամը 18:00-ից, շատ քիչ կրակոցներ կան՝ գոնե թե մեծ տրամաչափի չկան: Այսինքն լարվածության նվազում ունենք»,-ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ նախկին խոսնակը նաև նշեց, որ հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել:
«Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել և ես վստահ եմ՝ տեղի չի ունենա, մեր ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում»,- ասաց Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ խուճապ չի եղել և լինել չի կարող: