Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

 

Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին»,-ասել է Փաշինյանը։