Հեռավար քվեարկության նախագծի կիրառումն ինձ համար անթույլատրելի է, ինչո՞ւ, որովհետև բոլոր դեպքերում, նույնիսկ նախկինում այդ բացակայությունը պայմանավորված էր մարդու պետական պարտավորությունները կատարելու հետ: Այդ կոնտեքստում նրա մեկնաբանությունը, թեպետ որոշ վերապահումներով, կարելի էր ընդունելի համարել, իսկ տվյալ պարագայում պատգամավորը բացակայում է աշխատանքից, չի մասնակցում քննարկմանը, նրա կարծիքի մասին ոչ ոք տեղյակ չէ, և ինքն իր մասնակցությամբ կարծիք չի ձևավորում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորներին թույլ տալ քվեարկել հեռավար:

 

«Ժամանակին այդ ինստիտուտը կիրառվում էր բացառապես  նրանց համար, ովքեր գտնվում էին գործուղման մեջ: Նման դեպքում հնարավորություն էր վերապահված թողնել սեփական դիրքորոշում արտահայտող գրավոր կարծիք՝ այս կամ այլ օրենքի նախագծի վերաբերյալ: Անկեղծ ասած, այդ ինստիտուտը կիրառվեց, և, եթե ասեմ, որ շատ օգտակար էր՝ ճիշտ չեմ լինի, իսկ հիմա, երբ խոսքը Հանրապետությունից չբացակայելու մասին է, այլ անաշխատունակ վիճակում գտնվելու, ուրեմն նման մոտեցման կիրառումն ուղղակի անթույլատրելի է»,- նշեց Հարությունյանը:

Նախկին պատգամավորը մտահոգված է, որ առաջարկված նախագծով պատգամավորներն ազատվում են դահլիճում լինելու պարտավորությունից, սակայն իրավունք են ունենում քվեարկելու. «Ստացվում է՝ քննարկմանը չեն մասնակցում, չեն ստանձնում հանրային կարծիք ձևավորելու գործընթացին, բայց արդյունքներն արձանագրելուն մասնակցում են. սա չի կարող տեղի ունենալ»:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում նախագծի վերահսկողությունը՝ նա պատասխանեց. «Դա սկզբունքորեն ընդունելի չէ, եթե նույնիսկ վերահսկելի լիներ: Այդ եղանակով քվեարկել, նշանակում է՝ մասնակցել քաղաքական որոշման կայացմանը, իսկ այդպիսի որոշման ժամանակ պատգամավորը պետք է մասնակցի մտքերի փոխանակմանը, լսի ելույթները»,- ընգծեց Հարությունյանը:

«Քաղաքական որոշումը պատասխանատու գործընթաց է, որին պետք է մասնակցի քաղաքական պատասխանատու դեմք, և որևէ կերպ չեզոքացնել այդ մասնակցությունը՝ անընդունելի է»,- եզրափակեց նախկին պատգամավորը: