Գագիկ Բեգոյանի ընտանիքի համար հարևանի նկուղն արդեն 5 օր է՝ դարձել է կացարան: 16 տարի առաջ մեծ ջանքերով Սարյան 36 հասցեում գնած բնակարանի դուռը հարկադիր կատարման աշխատակիցներն իրենց աչքի առաջ փակել են, իսկ իրենց ոստիկանների օգնությամբ վտարել բնակարանից: ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում Գագիկ Բեգոյանը նշեց, որ 2015 թվականին բնակարանը գրավ էր դրել 12 հազար դոլարով: Վճարումները ժամանակին կատարել է մինչ այն պահը, երբ ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել: Հենց այդ պահից էլ սկսվել են ընտանիքի խնդիրները: Գագիկը պնդում է ՝ «Այ դի» բանկը, առանց որևէ ծանուցագիր ուղարկելու, բնակարանը վաճառել է մեկ այլ անձի:
Բնակարանի վաճառքի մասին իմացել են Ամանորից ընդամենը օրեր առաջ, երբ նոր սեփականատերը անակնկալ հայտնվել է և հայտնել բնակարանը ազատելու մասին: Դա էլ քիչ է, 4 տարի շարունակ բնակարանը, նոր սեփականատիրոջ պահանջով, զրկել են հոսանքից և գազից:
Բեգոյանների ընտանիքը բաժան-բաժան է եղել: Այս նկուղում Գագիկը բնակվում է որդու հետ, ով օրեր անց պետք է զորակչվի բանակ, կինը ընկերուհու տանն է, իսկ 10-ամյա դուստրը ժամանակավորապես տեղափոխվել է դասընկերուհու բնակարան: Հուլիսի 23-ին Գագիկի ավագ որդին, ով ծառայում է Արցախում, զորացրվելու է: Ընտանիքի հետ պատահածի մասին դեռ չգիտի, որոշել են չասել, հայրը չի պատկերացնում՝ ինչպես կարձագանքի որդին, երբ տան փոխարեն նրան դիմավորեն փողոցում:
Մեր այն հարցին, թե որտեղ են բնակվելու, Գագիկ Բեգոյանը պատասխան չկարողացավ գտնել: Դիմել են հնարավոր բոլոր մարմիններին, մինչ օրս ոչ մի արձագանք չի եղել:
Մեկ սեղանի շուրջ ընտանիքը վերամիավորելու հույսով լցված՝ Գագիկը և իր ընտանիքը սպասում են, պատրաստ են կրել այս դժվարությունները՝ վերջում լավ ավարտվելու պայմանով:
Անի Հակոբյան