2020 թվականի գնումների պլաններում պետական կառույցները խոշոր չափի գումարներ են հատկացրել ծաղիկներ, ծաղկեփնջեր եւ ծաղկային կոմպոզիցիաներ ձեռք բերելու համար: Կան պետական կառույցներ, որոնք անգամ միլիոնների ծաղիկներ են ձեռք բերել: ԼՈՒՐԵՐ.com-ը գնումների համակարգից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2,5 միլիոն դրամի 2200 հատ ծաղիկ է ցանկանում գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 1700 եւ 200 դրամ: Իսկ ահա ծաղկային կոմպոզիցիաների համար կառավարությունը վճարում է 6 մլն դրամ: Ընդհանուր, ձեռք է բերվելու 100 հատ կոմպոզիցիա՝ 40 հազար եւ 90 հազար դրամներով: Այսպիսով, միայն այս պահի հրապարակված տվյալների համաձայն` վարչապետի աշխատակազմը 8,5 մլն դրամ հատկացնելու է ծաղիկներին: Ազգային ժողովն էլ ծաղկի մեկ հատի համար վճարում է 2500 դրամ: Թե քանի հատ է գնելու՝ գնումների պլանում նշված չէ: Սակայն, նշենք, որ ԱԺ-ն կառավարության համեմատ մեկ հատ ծաղկի համար 800 դրամ ավել է վճարում: Համեմատության համար նաեւ նշենք, որ Ազգային ժողովն անցած տարի ծաղիկներին հատկացրել է 1 մլն 810 հազար դրամ: Երեւանի քաղաքապետարանն էլ 120 հատ ծաղկային կոմպոզիցայի համար համայնքային բյուջեից վճարելու է 600 հազար դրամ: Մեկ ծաղկի համար բավականին բարձ գին է վճարում նաեւ Երեւանի քաղաքապետարանը: 330 հատ ծաղկի համար քաղաքապետարանը վճարելու է 750 հազար դրամ, յուրաքանչյուրի համար՝ 2300 դրամ: Այս գնումն ընդհանուր 1 մլն 350 հազար դրամ է կազմում: Նշենք, որ քաղաքապետարանն անցած տարի ծաղիկներին եւ ծաղկեպսակներին հատկացրել էր 1,1 մլն դրամ: Իսկ ահա ոստիկանությունն այս տարի արդեն 1 մլն 359 հազար դրամի ծաղիկներ է գնել: