Արդեն որքան ժամանակ է, ինչ լարված է ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանագոտին, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայի և ադրբեջանցու փոխհարաբերությունը: Արտասահմանում ապրող հայերը իրականացնում են բողոքի ակցիաներ՝ ի դժգոհություն Ադրբեջանի սահմանին իրականացրած գործուղությունների, իսկ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին դուրս են գալիս բողոքի ցույցերի՝ կռիվ տալու «Ղարաբաղի» համար:
Իհարկե, հայի և ադրբեջանցու ցույցերը չեն կարող անբախում ընթանալ, հատկապես, երբ մեջտեղում շահարկվում է «Ղարաբաղի՝ Ադրբեջանինը լինելու» կարգախոսը:
Կան տեսանյութեր, որտեղ երևում են, թե ինչպես են բախումների ժամանակ հայերը խմբերով ծեծի ենթարկում ադրբեջանցիներին, չնայած այն հանգամանքին, որ հիմնական սադրանքը ադրբեջանցիներից է, բայց որտե՞ղ պետք է կանգ առնել:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԼՂՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբան Ռուբեն Մելիքյանի հետ, ով, անդրադառնալով այս հարցին, ասաց.
«Բոլորոս պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի նման դեպքերին միակողմանի գնահատական չտանք: Օրինակ' ես մի քանի նման հայտարարություններ եմ լսել ադրբեջանական կողմից, որը հետո հերքվել է հայկական շրջանակների կողմից և հիմնավորումներ են բերվել, որ նախահարձակը եղել են ադրբեջանցիները: Ամեն դեպքում, պետք է պարզաբանվի, թե ով է հրահրել, ով է սկսել ծեծկռտուքը, եթե հայերը ինքնապաշտպանվող են եղել' պետք է դա այդպես ներկայացվի: Ես առհասարակ ճիշտ չեմ համարում, որ հայերը դրսևորեն այնպիսի վարքագիծ, որը մեզ բնորոշ չի եղել և բնորոշ է եղել ավելի շուտ մեր հարևաններին՝ Ադբրեջանին»,- պարզաբանեց Ռուբեն Մելիքյանը:
Ըստ նրա՝ հայերին բնորոշ չէ մի քանի հոգով անմեղ մարդուն ծեծի ենթարկելը, երբ նրանից վտանգ չկա, ընկած մարդուն հարվածելը ... այսպիսի էպիզոդներ պետք է չլինեն հայերի կողմից. «Մենք պետք է միշտ շատ ուշադիր լինենք և երբևէ չխախտենք հավաքների խաղաղ բնույթը, որը շատ կարևոր է, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից նախահարձակ լինելուն, ապա այդ դեպքում, ինչպես ցանկացած այլ դեպքերում, առկա է լինում ինքնապաշտպանության իրավունք»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը: