Համացանցում արդեն մի քանի ժամ է, ինչ լայն շրջանառվում է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ երեկ «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքը, որը, ըստ որոշ լրատվամիջոցների, չի համապատասխանել պարետի կողմից սահմանված կանոններին։
Տեղեկությունը պարզելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի հետ, որն ասաց, որ խնջույք չի եղել․ «Խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության համար, որում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»։
Համացանցում նաև տարածվել էր տեղեկատվություն այն մասին, թե ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը՝ ստիպելով լրագրողին ջնջել տեսանյութը, որում ՀՀ ոստիկանապետը մոտենում է իր ծառայողական մեքենային։ Տեքստին կից կար նաև տեսանյութ, որում երևում էին որոշ ծառայողական մեքենաներ, իսկ արդեն տեսանյութի վերջում լսելի էր ինչ-որ մեկի ձայնը, որն արգելում էր տեսանկարահանումը։
Էդգար Ջանոյանը տեղի ունեցածը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Խոսքը նշված հաստատության անվտանգության աշխատակիցների մասին է, նրանք ոստիկանապետի անվտանգության աշխատակիցները չեն եղել»,- պարզաբանեց նա։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետը՝ Արտակ Դավթյանը, երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Բագրևանդի իրենց առանձնատանը անցկացրել էր որդու հարսանիքը, ինչի պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի հրամանով հեռացվել էր պաշտոնից։
Հետաքրքրական է, արդյոք այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը նորից նույն կերպ կվարվի, արդյոք կփնտրի նոր ոստիկանապետի, թե, այնուամենայնիվ, կան որոշները, որոնք իրավունք ունեն շրջանցելու պարետի կողմից սահմանված կանոնները։ Գուցե և կան, քանի որ կան տեղեկություններ այն մասին, որ ներկայիս ոստիկանապետը՝ Վահե Ղազարյանը, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է իշխանության վերնախավի հետ։