Արկանզասի համալսարանի հետազոտողները ստեղծել են նոր նանո դեղամիջոց, որը ոչնչացնում է կրծքագեղձի քաղցկեղային բջիջները: Ընդ որում՝ հակազդեցություններ չեն հայտնաբերվել: Նշվում է, որ դեղամիջոցն օգնում է կրծքագեղձի քաղցկեղի անգամ ծանր տեսակների դեպքում: Այս մասին հայտնում է Advanced Therapeutics-ը:
Կրծքագեղձի քաղցկեղի «եռակի բացասական» ենթատիպն ամենաագրեսիվն ու մահաբերն է: Այդ պարագայում հաճախ չի օգնում անգամ քիմիաթերապիան: Հետազոտությունը ցույց է տալիս, որ նոր դեղամիջոցն օգնում է նաև քաղցկեղի այդ տեսակի դեմ պայքարում: Այն թույլ է տալիս խուսափել քիմիաթերապիայից։
«Մենք լուծել ենք այդ խնդիրը՝ մշակելով մի բաղադրություն, որն ուղղված է քաղցկեղային բջիջներին և միաժամանակ որևէ ազդեցություն չի թողնում առողջ բջիջների վրա»,- ասել է քիմիայի և բիոքիմիայի դոցենտ Հասան Բեյզավին: