ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսային համավարակի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։ Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։ Եվ այսպես՝ 

 

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363 

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775 

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500 

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847 

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894 

Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437 

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307 

Հանրագումար` 5,808,527,812 

Այս ընթացքում հրատապ վերանորոգման աշխատանքներ են կատարվել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում եւ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում: Այլ կերպ ասած՝ այն ԲԿ-ներում, որոնց ղեկավարները ընկերական հարաբերությունների մեջ են նախարարի հետ: 


Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն մասով պետք է նշենք, որ միայն հունիս ամսին 18 միլիոն դրամի դեղարայք է գնվել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությունից: Ապրիլ ամսին 292,611,352 և 491,306,918 դրամի դեղորաք էլ գնվել է «Արփիմեդ» ընկերությունից, որը, հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների՝ կապվում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդու անվան հետ: 


Ինչ վերաբերվում է ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսերին, ապա դրանք, որպես կանոն, պետության կողմից վարձակալված հյուրանոցային համարներն էին: Օրինակ՝ հուլիսին այդ նպատակով 25,500,000 դրամ է հատկացվել «Իմպերիալ» հյուրանոցին. 3,900,000 դրամ՝ «Nova Hotel Yerevan»-ին (Larco Group LLC), 31,967,600 և 23,175,000 դրամ՝ «Ռեժինե» ՍՊԸ-ին, 6,084,000 և 2,360,000 դրամ՝ «Սոչի Պալասին», 1,950,600 դրամ՝ ՀԱԿՈԲ ՍՈՒԼՅԱՆ Ա/Ձ –ին: 38,304,859 և 21,887,000 դրամ՝ «Արմենիա» Հյուրանոցային Համալիր ՓԲԸ-ին, 16,265,600 դրամ՝ «Թուֆենկան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ին 21,049,000 դրամ՝ «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ին: Մարտ ամսից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում մեկուսարանների պահպանման ծախսերը կազմել են 150 միլիոն դրամ: 


Բժշկական պաշտպանիչ միջոցները՝ հունիսի 16-ի դրությամբ ձեռք է բերվել 691 մլն դրամի 125 214 հատ արտահագուստ և մեկանգամյա բժշկական խալաթ։ Սրանցից 100 000-ը մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ են, որոնք կարել է տեղական «Տաշիր կար» ՓԲԸ-ն։ Վերջինս զբավում է արտահագուստի արտադրությամբ և մատակարարել է 579 մլն 024 հազար դրամի 100 000 հատ մեկանգամյա բժշկական խալաթ։  Հաջորդ խոշոր մատակարարը եղել է «MULTIFIX FZE» ընկերությունը, որից ձեռք է բերվել մոտ 50 մլն դրամի ( 99 330 ԱՄՆ դոլար) արտահագուստ՝ 7000 հատ, մեկ միավորը՝ 6930 դրամով։  Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 46 մլն 497 հազար դրամի 13 219 հատ եռաշերտ արտահագուստ և 99 մլն դրամի 19 195 այլ արտահագուստ։  7 մլն 200 հազար եռաշերտ արտահագուստ գնվել է «Լեյբր Գուդս» ՍՊԸ-ից՝ 1500 հատ 4800 դրամ արժողությամբ եռաշերտ արտահագուստ։ Այս ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով և բժշկական պարագաներ կամ պաշտպանիչ միջոցներ նախկինում չի արտադրել։  Արևիկ Դարբինյան ԱՁ-ից գնվել է 4,3 մլն դրամի 1719 հատ եռաշերտ արտահագուստ՝ միավորի արժեքը 2500 դրամ։ Այս ընկերությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, զբաղվում է ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առևտրով։  0,5-1,7 մլն դրամի արտահագուստ, մեկանգամյա կիրառման բժշկական խալաթներ են գնվել Անուշ Սեյրանյան, Վազգեն Օհանյան ԱՁ-ներից և «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ից։ Այս ընկերություններից միայն Անուշ Սեյրանյան ԱՁ-ն ինչ-որ կերպ առնչություն ունի հագուստներ կարելու հետ՝ զբաղվում է այլ հագուստի և պարագաների արտադրությամբ, որոնք ներառված չեն ուրիշ խմբավորումներում։  Իսկ ահա Վազգեն Օհանյան ԱՁ-ն զբաղվում է սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով, «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ն էլ՝ ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ գործունեությամբ։ 

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների միջին և կրտսեր բուժանձնակազմի (նրանց թիվը շուրջ 2041 է) պարգևավճարների համար չորս ամիսների ընթացքում (մարտի 1–ից հունիսի 11–ը) հատկացվել է ընդհանուր՝ 687 մլն 518 ՀՀ դրամ, այսինքն՝ բուժաշխատողը միջինում ամսական ստացել է շուրջ 84.000 ՀՀ դրամ, հարկերը պահելուց հետո մոտ 63.000 ՀՀ դրամ։ Պարգևատրումների մեջ ներառված են նաև ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի միջին և կրտսեր անձնակազմը, ինչպես նաև Երևանի շտապօգնության աշխատակիցները։ Սակայն, զավեշտալին այն է, որ ինչպես գրվեց մամուլում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները 7.5 անգամ ավելի շատ պարգևատրում են ստացել, քան կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները: 


Այս ամենով հանդերձ՝ ևս մեկ ուշագրավ հանգամանք նշենք. հուլիսի 9-ին նախարարությունը 1,593,089,000 դրամի պատվաստանյութ է գնել «Սանոֆի Պաստեռ» բաժնետիրական ընկերությունից: Պայմանագիրը՝ այստեղ: