Չկա հստակ բնութագրիչ, որը կբնութագրի Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը: Այս մասին այսօր' հուլիսի 29-ին, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը' պատասխանելով այն հարցին, թե ինչպես կբնութագրի այսօրվա արտաքին քաղաքականությունը:
«Ես չգիտեմ, չկա բնութագրիչ, տարերային, իրավիճակային, կապված տրամադրության, կոնկրետ մարդու, կառավարության , միգուցե եղանակի հետ, իմ համար հասկանալի չէ այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը: Մենք ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում: Ես խիստ կասկածում եմ, թե այսօր Կառավարությունը ճիշտ է գնահատում այն գլոբալ փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում: Ակնհայտ է, որ կա երկու գործընթաց այսօր, մեկը' բազմաբեւեռ աշխարհի ձեւավորումն է, որն այսօր փաստ է, եւ այդ բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման գործընթացում էապես աճում է տարածաշրջանային հզոր պետությունների դերը այս տարածաշրջանում: Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում էական մրցակցություն է լինլու Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ երբ չկա միաբեւեռ, դոմինանտ պետություն, ապա, իհարկե, այս գործոնները փոխվում են: Մեկ ուրիշ գործընթաց էլ կա, որի վրա ուշադրությունը շատ ավելի նվազ է. Սովետական միության փլուզվելուց հետո ձեւավորվեց միաբեւեռ աշխարհ՝ Միացյալ նահանգների առաջնորդությամբ, եւ այն ժամանակ տնտեսական գլոբալիզացումը կապվեց մեկ այլ' տեսության մեջ ասում են նեոգլոբալիզմի հետ: Գլոբալիզացիան ոչ միայն տնտեսական է, այլ նաեւ գլոբալիզացվում են արժեքային համակարգը, քաղաքակրթական, մշակութային տարբերությունները, այսպես ասած, աշխարհի հոլիվուդացում, ես նույնիսկ տերմին եմ օգտագործում՝ աշխարհի սորոսիզացիա: Այստեղ խոսքը Սորոսի մասին չէ, փոխաբերական իմաստով է, այն ավելի լայն է: Հազարավոր դոլարներ է ծախսվել մեծ թվով հկ-ներ ստեղծելու համար, որոնց հիմնական նպատակն է եղել այդ գլոբալիզացիայի վրա այդ թեզը առաջ տանել»,-ասաց նա:
Քոչարյանի կարծիքով' հիմա այդ թրենդը փոխվել է, եւ մարդիկ համարում են, որ քաղաքակրթական եւ մշակութային բազմազանությունը այս մոլորակի ուժն է եւ արժեքը, որի համար պետք է պայքարել:
«Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն հկ-ներից, որոնք ձեւավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից եւ այդ քաղաքականությունն են վարում, եւ հիմա ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են: Եվ այս վեճերը ազգային արժեքների մասին, եկեղեցու վերաբերյալ վերաբերմունքի մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության բաղադրիչներն են, սա են փորձում հանեն մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից»,-ասաց երկրորդ նախագահը:
Նա եզրափակեց' ասելով, որ եթե այս երկու գործոնները ճիշտ չեն հասկանում, մեր արտաքին քաղաքականության ուղղությունն է անհասկանալի: