Գրականության նոր չափորոշիչների նախագիծը շարունակում է մնալ բոլորի ուշադրությոան կենտրոնում․ շատերի համար ընդունելի է դասագրքերից զգալի թվով հայ հեղինակների կրճատումը, շատերի համար էլ՝ անընդունելի և ապազգային։
ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ պետք չէ ամբողջովին մերժել ժամանակակից կամ հայ գրականությունը․ «Ես ամենևին չեմ ասում՝ հաղորդակից չլինենք համաշխարհային մեծ նշանակություն ունեցող ստեղծագործողների աշխատանքներին։ Միանշանակ, մեր պատանիները և երիտասարդները պետք է հաղորդակից լինեն և ներդաշնակ լինեն բարձր արժեհամակարգին, բայց գտնում ենք, որ մեր հայկական արվեստում, ստեղծագործություններում կան բավականաչափ ուսուցողական՝ մեր տեսակը կերտող, պատմությունն ուսուցանող բազմաթիվ օրինակներով, հետաքրքիր դրվագներով ստեղծագործություններ, որոնք ևս չափազանց կարևոր են»։
Ըստ Էնֆիաջյանի՝ նախագծի ամենաբացասական կողմը ազգային արժեքների երկրորդ պլան մղումն է․ «Այս ամենի մեջ ավելի շատ տեսնում ենք ոչ թե որպես ուսուցողական ծրագիր, այլ, առհասարակ, այն, ինչ-որ մեր ազգային, եկեղեցու, ավանդապաշտության հետ կապված ծրագրեր, մոտեցումներ, որոնք, կարծես, երկրորդ պլան մղվեն․ սա է ընդհանուր տենդենցի ամենաբացասական արձանագրումը, որ կարող եմ անել»,- ընդգծեց պատգամավորը։
«Տպավորություն է ստեղծվում՝ մեր պահպանողական արժեքների մասով վերապահումներ կան, և նմանատիպ գործելաոճ են ընտրել, որովհետև, եթե նայենք կոնկրետ քայլերին, հայտարարություններին և գործողություններին, առաջնորդվենք առողջ բանականությամբ և տրամաբանությամբ՝ կարող ենք հենց այդպես էլ տրամաբանել»,- նկատեց Էնֆիաջյանը։
Այնուամենայնիվ, փոխնախագահը գտնում է՝ զարգացած լինելու համար պետք է հաղորդակից լինել նաև ամբողջ աշխարհին՝ չկորցնելով տեսակդ և արմատներդ։