Հնդկաստանում բռնել են սերիական մարդասպանի, որն իր զոհերի մարմիններով կերակրում էր կոկորդիլոսներին: Հաղորդում է CNN-ը:
1995-ին Դեվենդրա Շարման խաբեբաների ձեռքն ընկավ ու սնանկացավ: Դրանից ի վեր օրվա ապրուստը հանցագործություններով է վաստակել. նախ վաճառել է կեղծ գազի բալոններ, ապա աշխատել օրգանների սև շուկայում։ Իր իսկ խոստովանությամբ իրականացրել է ավելի քան 125 երիկամի ապօրինի փոխպատվաստում:
Ութար Պրադեշ նահանգում Շարման ու հանցակիցները զբաղվել են կողոպուտով: Նա տաքսի է կանչել, խնդրել է իրեն մի մեկուսի վայր տանել, և այնտեղ սպանել է վարորդին: Հետքերը վերացնելու համար դին նետել են կոկորդիլոսներով ջրամբարը, իսկ մեքենան վաճառել: Ավելի ուշ Շարման խոստովանեց, որ սպանել է մոտ 50 տաքսիստի: Յուրաքանչյուր սպանությունից աշխատել է 270 դոլար (2004-ին այդ գումարը համարժեք է եղել մոտ 200 հազար դրամի):
2004-ին Շարման ձերբակալվել և դատապարտվել է ցմահ ազատազրկման, բայց 2020 թվականի հունվարին նա մի քանի օրով ազատ է արձակվել: Նա պետք է վերադառնար 20 օր հետո, բայց այդպես էլ չեկավ: Փախստական բանտարկյալին գտել են վեց ամիս անց: 62-ամյա Շարման մեկնել է Դելի, ամուսնացել մի այրու հետ և միտք էլ չի ունեցել կրկին հայտնվել ճաղերի հետևում:
2002-ին հաղորդվեց, որ Կոստա Ռիկայում կոկորդիլոսը կերել է բանտից մի փախստականի: Նա փորձել է անցնել Պանամա և մահացել է երկրի հարավում գտնվող Տերաբա գետն անցնելիս: