Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով շուրջ 3 տարի տևած դատավարությունից հետո երեկ դատական նիստին հրապարակվեց մեղադրական ճառը։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջեց Էդվարդ Գրիգորյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Արեգ Կյուրեղյանին ևս` 8 տարի 6 ամիս, Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Սեդրակ Նազարյանին` 9 տարվա, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման: Դատախազը միջնորդեց Վարուժան Ավետիսյանին դատապարտել 8 տարի 9 ամիս ազատազրկման, Արմեն Բիլյանին` 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին` զմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով:
«Սասնա ծռեր» համահայկական շարժման մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում դատախազին համարեց «Իմ քայլը» խմբակցության աջակցությունը վայելող մեղադրող. «Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականին «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ գործող ռեժիմը Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ այն ժամանակվա իշխանությունը օրինական է եղել և, ըստ էության, այդ մեղադրականով՝ «Սասնա ծռեր» խմբավորումը զենք է վերցրել օրինական իշխանությունների դեմ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատասխանատվություն է ստանձնում նախորդ ռեժիմների գործունեության և բնականաբար այն հանցագործությունների համար, որոնք պատճառ են դարձել «Սասնա ծռերի» ապստամբության. խոսքը 2016 թվականի Ապրիլյան դավաճանական, պայմանավորված պատերազմն է, և դրանից հետո առաջացած իրավիճակը. երբ Սերժ Սարգսյանը արցախյան էլիտային համոզում էր, և ստանում համաձայնություն՝ հանձնել ազատագրված տարածքները՝ ըստ Լավրովյան ծրագրի, քանի որ իրենք համարում էին, որ չունեն ռեսուրս՝ պաշտպանելու այդ հողերը»,- ասաց Ավագյանը:
Ըստ խոսնակի՝ հայ ժողովուրդը «Սասնա ծռերի» գործողություններին իր գնահատականը տվել է 2016 թվականին՝ բազմահազար ցույցերով աջակցություն հայտնելով նրանց.«Այդ ժամանակվա ընդդիմադիր պատգամավոր ներկայացող Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ ցույցերի հրապարակներում բազմիցս կրկնել է, որ դա ապստամբություն է, և դա ահաբեկչություն անվանողները նախորդ ռեժիմին ծառայող ուժեր են: Այս հռետորաբանությամբ Նիկոլ Փաշինյանը աչքի էր ընկնում 2018 թվականի ցույցերին. նա, պատասխանելով լրագրողների հարցերին, բազմիցս ասել է, որ քաղբանտարկյալներին պետք է ազատություն շնորհվի, նա ասել է նաև՝ «Սասնա ծռերը ահաբեկիչներ չեն, և նրանք թող պայքարեն»: Եվ մենք տեսնում ենք՝ 2018 թվականին՝ իշխանության գալով Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, խաբել է հայ ժողովրդին, որովհետև հռետորաբանության մեջ կիրառել է նախորդ ռեժիմին դատապարտող հայտարարություններ, սակայն, այսօրվա կեցվածքով ամբողջությամբ ընդունել է նախորդ ռեժիմի ժառանգությունը, ազատել է պատասխանատվությունից նախորդ ռեժիմի բոլոր կարկառուն հանցագործներին, իսկ «Սասնա ծռերը» ապստամբել էին նրանց հանցագործությունների դեմ. հիմա շուտափույթ կերպով դատավճիռ են կարդում ասում են՝ դուք ժամանակին ապստամբել եք ոչ թե հանցավոր ռեժիմի դեմ, այլ օրինական Հայաստանի իշխանության դեմ»:
Խոսնակը խոսեց նաև «Սասնա ծռեր» համահայկական շարժման հետագա գործողությունների մասին. «Մենք «Ազգային ժողովրդավարական բևեռ» ենք կազմել Հայաստանում բոլոր առողջ ուժերի հետ, հռչակել ենք ճանապարհային քարտեզ, որով առաջիկա բոլոր ոլորտներում տեսանելի ճգնաժամերի հաղթահարումը պատկերացնում ենք, մասնավորապես, դիտարկում ենք, որ 1-ամյա անցումային փուլ է անհրաժեշտ, որը Նիկոլ Փաշինյանը խոստացավ և չկատարեց. պետք է անցումային կառավարություն կազմվի: Այդ կառավարությունը մեկ տարվա ընթացքում պետք է գնահատական տա նախորդ ռեժիմներին իրավաքաղաքական գնահատական, պետք է անցկացնի անցումային արդարադատություն՝ պատժելով բոլոր հանցագործներին»:
Ավագյանը նաև հավելեց, որ «Ազգային ժողովրդավարական բևեռը» այս քայլերից հետո իրականացնելու է նոր օրենքի նախագիծ. սկսելու են Սահմանադրության մշակում, նոր արտահերթ ընտրություններ են լինելու. «Հայ ժողովուրդը հնարավորություն կունենա առանց մուկուչյանների, առանց օսիպյանների, առանց Սերժ Սարգսյանի դատախազների ազնիվ, արդար ընտրություններ անցկակցնել և լուծում տալ երկրի այն համակարգային ճգնաժամներին, ինչին հասցրել է Նիկոլ Փաշինյանը՝ նախորդ ռեժիմների ժառանգորդը»,- եզրափակեց «Սասնա ծռեր» խմբավորման մամուլի խոսնակը:
Արփինե Հակոբյան