Այսօր ԱԺ-ի դիմաց՝ «Հայք» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ ՀՀ Անկախության հռչակագրի վերականգնման պահանջով։ Ըստ ակցիա իրականացնողների՝ այն զուտ իրազեկման բնույթ է կրում։ Ցուցարարների ձեռքին կան հսկայական պաստառներ, որոնցում գրված է «Հայրենադարձություն, անկախության ինքնիշխանություն», «Անկախության հռչակագիր 30», իսկ պաստառների ներքևի հատվածում գրված է «Հայք ազգայնական շարժում», որի գրությունը ցուցարարը բացատրեց հետևյալ կերպ․ «Նշել ենք «Հայք ազգայնական շարժում», քանի որ մենք ենք վճարում, իսկ ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում»,- ասաց նա։
«Մենք եկել ենք, որ ԱԺ-ին իրազեկենք, քանի որ մենք իրազեկման ակցիա ենք իրականացնում, այլ ոչ թե հակաիշխանական։ Մենք ցանկություն ունենք մեր պաստառը կախել դարպասից, որ այն տեսանելի լինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «իրազեկող» ակցիա կատարողներից մեկը։
Որքան էլ, որ ակցիան իրազեկող բնույթ էր կրում, միևնույն է, ոստիկանության աշխատակիցները, այնուամենայնիվ, թույլ չտվեցին պաստառը փակցնել դարպասներին․ «Դուք մենակ ասում եք, որ չենք կարող պաստառը կախել, ես էլ ասում եմ կարող ենք։ Ցույց տվեք օրենք, որում գրված ա, որ չի կարելի պաստառը փակցնել։ Դուք հավանաբար չունեք հիմնավորում, հիմա էլ որևէ մեկին եք զանգում, որ ձեզ հիմնավորումը ասի, դուք էլ մեզ ասեք։ Նշեմ, որ սա հանրային նշանակություն ունեցող պաստառ է, սա վերաբերում է ոչ միայն Հայաստանում ապրող հայերին, այլև համայն հայությանը, որովհետև անկախ և ինքնիշխան պետություն նշանակում է՝ անկախ և ինքնիշխան ազգ։ Մեզ արգելում են, որ մենք իրազեկենք ու մարդիկ իմանան, որ օգոստոսի 23-ին լրանում է ՀՀ Անկախության հռչակագրի 30- ամյակը։ Բազմիցս իրազեկել ենք, հայտարարել ենք, փորձել ենք պաստառը կախել, բայց քանի որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, գտնվում են արտաքին ազդեցության ներքո, մեզ թույլ չի տրվում դա անել»,-նշեց ցուցարարը։
Ըստ ցուցարարի՝ 30 տարի շարունակ տապալվել է ՀՀ Անկախության հռչակագրի գործընթացը․ «Գործընթացը տապալվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, Ռոբերտ Քոչարյանի կողմից, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից, ուստի մենք պահանջ ենք ներկայացնում, որպեսզի Անկախության հռչակագրով ամրագրված տապալված գործընթացը վերականգնվի, և մենք վերադառնանք անկախության հռչակագրով ամրագրված բոլոր կետերին, և, անգամ, գործընթաց սկսել հայրենադարձության համար։ Որքան շատ հայ վերադառնա Հայաստան, այնքան շատ պահանջատեր կլինի և ավելի հեշտ կլինի անկախությունն ու ինքնիշխանությունը վերականգնել»,- ընդգծեց ակտիվիստը։
Որոշ ժամանակ ԱԺ-ում մնալուց հետո, ցուցարարները որոշեցին գնալ Նախագահականի մոտ, հենց Արմեն Սարգսյանից պարզել իր լռության պատճառը՝ ՀՀ Անկախության հռչակագրի 30 ամյակի վերաբերյալ։