«Հացադուլը ծայրահեղ քայլ է, բայց յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ այս պահին ինչպես պետք է գերագնահատի երևույթները, ինքն այդպես է գնահատել և պայքարում է կոնվենցիաների դեմ, որը, կարծում եմ՝ մեր ազգի համար թշնամություն առաջացնող պրոցեսներ է սկսում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, որն այցելել էր արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին:

 

Սահակյանի կարծիքով՝ խնդիրը վերաբերում է այսօրվա իշխանություններին, «Ես գտնում եմ, որ խնդիրն իշխանությունների մեջ չէ, խնդիրը՝ հանուն ազգի և պետության կայացման գործում է: Իշխանությունները կգան-կգնան, այնպես չէ, որ մարդիկ իշխանավոր են դառնում և մտածում են, որ ժողովուրդն այդ ճանապարհով պետք է գնա: Մենք հայեր ենք, ունենք մեր պատմական առաքելությունները, ազգային ծրագրերը և գնում ենք այդ ճանապարհով: Շատ լավ կլինի, որ մեր ժողովուրդը կարողանա այսօր խոսել իր ազգի, պետության մասին: Բոլոր ոլորտներում ցույցեր են, բայց դրանք համարում եմ տնային ցույցեր, որովհետև գյուղն իր ջուրն է ուզում, մյուս գյուղն իր մսացուն է ուզում վաճառի, մյուս գյուղերն իրենց գյուղատնտեսությունն են ուզում: Ես կուզեի, որ ժողովուրդը մտածեր իր ապագա երեխաների հետագա ճակատագրի մասին, հենց ժողովուրդը կարողացավ այդ աստիճան մտացումներ ունենալ, գտնում եմ, որ  ավելի խաղաղ պայմաններում կլինենք»,- ասաց Սահակյանը: