ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Նշվում է, որ Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ:
Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև վերջինիս ազգական, ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանին:
Գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը, դատական ծախսերը և պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով մինչդատական վարույթի ընթացքում օրենքով սահմանված կարգով մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է կալանք:
Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի մասով նշված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի կողմից 2020 թվականի օգոստոսի 14-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը և այդ մասով քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Գագիկ Խաչատրյանի որդիների և գործով անցնող այլ անձանց մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թույլ տրված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, տարիներ շարունակ մշակված և իրագործված կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն անշեղորեն կենսագործելու, պետությանը պատճառված ահռելի չափերի հասնող գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում ՀՀ իրավապահ մարմինները ակտիվորեն համագործակցում է նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: