Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Բելառուսում բռնությունների, բռնաճնշումների և ընտրակեղծիքների մեջ ներգրավված անձանց դեմ:
Ինչպես հաղորդում է «Evropeyskaya Pravda»-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ առաջնորդների տեսագագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Մենք վճռականորեն պաշտպանում ենք բելառուս ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը, և ԵՄ-ն շուտով պատժամիջոցներ կկիրառի բռնությունների, բռնաճնշումների և ընտրակեղծիքների համար պատասխանատու զգալի թվով անձանց նկատմամբ», – ասել է Շարլ Միշելը:
Անդամ պետությունները միաձայն պաշտպանել են պատժամիջոցների նախապատրաստումը Բելառուսում ընտրությունների կեղծման և բռնաճնշումների համար պատասխանատու անձանց նկատմամբ՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Դրանք կլինեն հասցեավորված պատժամիջցներ, որոնք ուղղված կլինեն հատուկ անձանց դեմ, դրանք չեն ազդի Բելառուսի ժողովրդի վրա: Առաջիկայում կհամաձայնեցվի այն մարդկանց ցուցակը, որոնց դեմ պատժամիջոցներ կկիրառվեն», – մանրամասնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: