«Google»-ը պատրաստվում է Թուրքիայում նոր գրասենյակ բացել։ Թուրքիայում ընկերությունը պաշտոնապես գործում է 2005 թվականից՝ «Google. գովազդ և մարքեթինգ» ՍՊԸ անվամբ։ Ընկերությունը գրանցված է Ստամբուլի առևտրային պալատում, իսկ գործունեությունը ղեկավարվում է Ստամբուլի Լևենթ թաղամասի «Tekmen Tower» բիզնես–կենտրոնում գտնվող մի գրասենյակից։
Ներկայում «Google»-ը պատրաստվում է Թուրքիայում իր ծավալած գործունեության շրջանակներում նոր ընկերություն հիմնել։ Առայժմ հայտնի է միայն, որ նոր ընկերությունը հնարավորություն կտա էլ ավելի ընդլայնելու այդ երկրում «Google»-ի գործունեությունը և կգործի «Google»-ի դուստր ընկերությունները միավորող «Alphabet» մայր ընկերության կազմում։
Թուրքիայում ենթադրվում է, որ «Google»-ի այս նախաձեռնությունը պայմանավորված է սոցցանցերի ու արտասահմանյան սոցիալական հարթակների գործունեության վերահսկման վերաբերյալ վերջերս ընդունված օրենքով, որով արտասահմանյան ընկերություններին պարտադրվում է անպայման Թուրքիայում սեփական ներկայացուցչութոյւնը ունենալ։
«Google»-ը, սակայն, իր հայտարարության մեջ նշում է, որ 2021թ․-ին նախատեսված ընկերության կառուցվածքային փոփոխությունները որևէ կապ չունեն վերոհիշյալ օրենքի հետ։