Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի նախկին ռազմական պահեստների տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել, հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Արդեն իսկ կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, որոնցից 4-ը՝ 122 մմ տրամագծով արկ, 2-ը՝ 57 մմ տրամագծով և մեկ հատ էլ 100 մմ տրամագծով արկ: Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքը ոչնչացվել է:
«Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կենտրոնից նշում են, որ իրենց մասնագետներն աշխատանքները սկսել են օգոստոսի 18-ից Մայակովսի համայնքում՝ Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում։
Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին: